Պետդեպարտամենտ․ ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում
Երկխոսությունը Հարավային Կովկասում խաղաղության, դեմոկրատական և բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է, և ԱՄՆ-ն կշարունակի աջակցել դրան բոլոր հնարավոր եղանակներով։ Այս մասին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել իր դերը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում այդ գործընթացում։ «Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք փոխգործակցել երկկողմ հիման վրա և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահի մեր դերով, որպեսզի օգնենք երկրներին հասնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության»։
Նա նշել է, որ վերջին շաբաթներին պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել շփվելու հայաստանցի և ադրբեջանցի գործընկերների հետ։ «Պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը և այլ անձինք հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով շփվել իրենց հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Մենք նախկինի պես կարծում ենք, որ երկխոսությունը խաղաղ, դեմոկրատական և բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, և մենք կշարունակենք աջակցել դրան հնարավոր բոլոր եղանակներով»,- նշել է նա։
News.am