ՃՈ–ն հուլիսի 24-ին ուժեղացված ծառայություն է իրականացնելու

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերի առավել բանուկ հատվածներում, հատկապես Երևան-Սևան ճանապարհահատվածում իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Տեղեկությունը հրապարակվել է ոստիկանության կայքում։

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը հորդորել է տրանսպորտային միջոցներ վարելիս և երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, չդրսևորել ավելորդ ինքնավստահություն և չվնասել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը:

«Առավելապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող անձինք, որոնց նկատմամբ չի դրսևորվելու ներողամտություն: Ցանկացած հակաօրինական վարք ցուցաբերած վարորդ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածքներ»,– նշել է նա:

Կարապետյանը վարորդներին կոչ է արել առավել պատասխանատվությամբ հետևել երթևեկության անվտանգության կանոններին, որպեսզի խուսափեն պատահարներից։

Sputnik Արմենիա