Իրաքը ՄԱԿ-ի ԱԽ-ին Թուրքիայի գործողությունների վերաբերյալ բողոք է ներկայացրել

Իրաքի Արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնն ասել է, որ Հյուսիսային Իրաքի կիսաինքնավար քրդական Դոհուկ գավառում զբոսաշրջային հանգստավայրի վրա տեղի ունեցած մահացու հարձակման համար Թուրքիան պաշտոնապես ներողություն չի խնդրել:

Նա նշել է, որ հարձակման պահին «Քրդական բանվորական կուսակցության» կառույցները տարածքում չեն եղել և հավելել է, որ այս առթիվ Իրաքի կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Նա հավելել է նաև, որ Թուրքիան պատասխանատու է միջադեպի համար և շեշտել, որ իր երկրի տարածք մտնելու իրավունք չունի:

«Մենք գիտենք, որ «Քրդական բանվորական կուսակցությունը» խնդիր է Թուրքիայի համար, սակայն Թուրքիան չի կարող մտնել Իրաքի տարածք, երբ կամենա։ Թուրքիան և վերոնյալ կուսակցությունն իրենց խնդիրները մտցրել են Իրաք, և մենք դա ընդունել չենք կարող։ Իրաքը, իր հարևանների հետ ունեցած խնդիրները, չի ցանկանում լուծել ռազմական ճանապարհով», - ասել է Իրաքի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ Փարահ գյուղի հրետակոծության հետևանքով զոհվել էր 9-ը և վիրավորվել 23 մարդ:

Իրաքի վարչապետը Թուրքիային նախազգուշացրել էր, որ Իրաքն ինքն իրեն «վրեժ լուծելու իրավունք» է վերապահում՝ գնդակոծությունն անվանելով ինքնիշխանության «կոպիտ խախտում»։

Իրաքը հայտարարել է, որ Անկարայից հետ է կանչում իր գործերի ժամանակավոր հավատարմատարին և Թուրքիայից պահանջում է պաշտոնական ներողություն խնդրել, ինչպես նաև դուրս բերել իր զինված ուժերը Իրաքի ողջ տարածքից:

Թուրքիան հերքել է միջադեպին իր մասնակցությունն ու մեղադրել «ահաբեկչական կազմակերպություններին»:

News.am