«Մամիկոն Ասլանյան»․ Իշխանությունները ցանկանում են սպանել Վանաձորի քաղաքապետի թեկնածուին
Մենք տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն են վարում իշխանությունները. Մամիկոն Ասլանյանին (Վանաձորի քաղաքապետի թեկնածու) ուզում են մահվան հասցնել՝ շատ լավ գիտակցելով, որ նա առողջական խնդիրներ ունի, ավելորդ քաշ ունի։ Այս մասին հուլիսի 27-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ Գոռ Բադյանը։
Նրա խոսքով՝ Մամիկոն Ասլանյանի մոտ մի քանի օր է, ինչ ճնշումների տատանումներ են նկատվում, ինչի մասին նա տեղեկացրել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժաշխատողներին։ Բադյանը բացատրեց, որ այսօր նրա առողջությունն այնքան է վատացել, որ ստիպված էին նրան հիվանդանոց տեղափոխել։ «Հետազոտությունից հետո հետագա քայլերը պարզ կդառնան։ Դրանից է կախված նաև Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդության հավանականությունը։ Ամեն ինչ անելու ենք՝ նրա առողջական վիճակը բարելավելու, լուծում գտնելու և կյանքին սպառնացող վտանգ կանխելու համար։ Մնում է փորձել այդ ամենն իշխանություններին բացատրել, ովքեր Ասլանյանին երկար ամիսներ ապօրինի բանտում են պահում»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է դեկտեմբերի 16-ին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։ Ընդ որում հետապնդումը սկսվել էր դեկտեմբերի 5-ի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ նրա ընդդիմադիր դաշինքի հաղթանակից հետո։