Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿՀ-ից
«Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։
Նշենք, որ երեկ Ավետիք Չալաբյանը ներկա չէր իր գործով երկրորդ դատական նիստին։ Պատճառը առողջական խնդիրներն էին։ Բժիշկները զարկերակային ճնշման ցուցանիշի և մարմնի բարձր ջերմաստիճանի պատճառով արգելել էին Չալաբյանին մասնակցել դատական նիստին։
Նրան ծափերով դիմավորեցին ընկերներն ու կինը` Անահիտ Ադամյանը։
Չալաբյանը, դիմելով լրագրողներին, խնդրեց ներողամիտ լինել, որ վատառողջության պատճառով երկար խոսել չի կարող։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին, իմ ընտանիքին, որ այս ընթացքում ծանր փորձության միջով հետս անցավ և դեռ կանցնի, իմ փաստաբանական թիմին, լրատվական համայնքին։Բոլորս միասին գտնվում ենք մի պայքարի մեջ մեր հայրենիքի, մեր իդեալների, մեր իղձերի իրականացման համար։ Այնպես ստացվեց, որ այս անգամ տուժողը ես էի և որոշ ժամանակ ստիպված եղա ազատությունովս վճարել, բայց այս ամենը փոքր դրվագ է շատ ավելի մեծ պայքարի մեջ, որի համար մարդիկ կյանք են տվել»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Sputnik Արմենիա