The Guardian․ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԽՈՒՃԱՊ Է ՍԵՐՄԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԹԻԿՈՒՆՔԻՑ ՀԱՐՎԱԾԻ

«Արևմուտքի ռազմավարական նպատակները Ուկրաինայում՝ հետ մղել ռուսական ներխուժումը, վերականգնել ազգային ինքնիշխանությունը և հասնել «խավարի ուժերի» նկատմամբ գլոբալ դեմոկրատիայի հաղթանակի, մարտին Վարշավայում հստակորեն ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, և այնուհետև դա արժանացել է Մեծ Բրիտանիայի ու ԵՄ առաջնորդների հավանությանը»,- գրում է The Guardian-ը։

«Միշտ ավելի քիչ պարզ է եղել այն, թե արդյոք նրանք իսկապես ակնկալում են հասնել այդ նպատակներին՝ հաշվի առնելով ուղղակի մասնկցության ՆԱՏՕ-ի ոչ այնքան հերոսական մերժումը: Հիմա անհարմար, նույնիսկ տխուր հարց է առաջանում՝ արժի՞ արդյոք, որ ուկրաինացիները պատրաստվեն այս ձմռանը թիկունքից հարվածի։

Պատերազմի սկզբից մոտ վեց ամիս անց, հռետորաբանության և իրականության միջև խորացող անջրպետը պոտենցիալ ճակատագրական է դառնում: Ներխուժման վերաբերյալ հանրային վրդովմունքը տեղի է տալիս խուճապի հասնող անհանգստությանը՝ կապված էներգիայի, սննդամթերքի և կյանքի գնի վրա դրա տագնապալի հետևանքների հետ:

Սա, իր հերթին, կասկածներ է առաջացնում Արևմուտքի վճռականության վերաբերյալ: Որքա՞ն ժամանակ կպահանջվի մինչև Եվրոպայի առանց այն էլ սասանված միասնությունը փլուզվի, եթե Ռուսաստանը վերջնականապես անջատի գազի փականը։

Բայդենը պատերազմը ներկայացրել է որպես բարու և չարի համընդհանուր պայքարի մաս: «Մենք աջակցում ենք ձեզ»,- ասել է նա ուկրաինացիներին: «Արագ ու պատժիչ ծախսերը միակ բանն է, որը կստիպի Ռուսաստանին փոխել կուրսը»։

Չնայած աննախադեպ պատժամիջոցներին, Ռուսաստանը չի փոխել իր կուրսը։

Կրկնելով Բայդենին՝ Բորիս Ջոնսոնը բազմանշանակ հայտարարել էր, որ «Վլադիմիր Պուտինի ագրեսիվ ակտը պետք է անհաջողության մատնվի»։ Սակայն Ջոնսոնը անորոշ էր խոսել երկարաժամկետ հեռանկարի մասին և չափազանցրել էր բրիտանական ազդեցությունը: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Կրեմլը մի կտոր պոկի անկախ երկրից և մարդկային ահռելի տառապանքներ պատճառի»,- ասել էր նա: Այնուամենայնիվ, դա հենց այն է, ինչ տեղի է ունենում մինչ օրս։

Ապրիլին Լիզ Թրասսն էլ ավելի զառանցական խոստումներ էր տվել։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը և հնարավոր հաջորդ վարչապետը Ռուսաստանից պահանջել էր լքել Ղրիմը և վերադառնալ 2014 թվականից առաջ գտնվող սահմաններին։ Խենթ գեներալիսիմուս հիշեցնող Թրասը երդվել էր. «Մենք ավելի ու ավելի արագ կշարժվենք՝ Ռուսաստանին ամբողջ Ուկրաինայից դուրս մղելու համար»: Ովքե՞ր են «մենք»-ը։ Դուք և ո՞ւմ բանակը:

Սա է, իհարկե, էականը։ Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը խոստացել է ևս 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, ինչի արդյունքում Բայդենի օրոք ընդհանուր գումարը հասել է 9,8 միլիարդ դոլարի: Մեծ Բրիտանիայում համարժեք ցուցանիշը գերազանցում է 2,3 միլիարդ ֆունտ սթեռլինգը: ԵՄ երկրները նույնպես զգալիորեն մեծացրել են զենքի մատակարարումները։ Առանց այս օգնության Ուկրաինան պարտություն կկրեր։

Բայց Բայդենի զգուշավոր վճռականությունը՝ ամեն գնով խուսափել առճակատումից, նշանակում է, որ թեև Ռուսաստանը ի վերջո չի հաղթի, դժվար թե վերջնականապես պարտվի: Պատերազմը նման է եռացող կաթսայի, որը երբեք եռման աստիճանի չի հասնում...

Չնայած իր բոլոր ճոռոմ ու խանդավառ ելույթներին՝ Ջոնսոնը բավարարվում էր նրանով, որ թաքնվում էր Վաշինգտոնի՝ կռվելուց հրաժարվելու հետևում: Այդպես էր նաև Ֆրանսիայից Էմանուել Մակրոնի և Գերմանիայից Օլաֆ Շոլցի դեպքում:

Նման միահամուռությունն ամրապնդում է այն կասկածները, որ հոգու խորքում նրանք իրականում չեն հավատում, որ Ռուսաստանին նվաստացնելու Արևմուտքի նպատակը հասանելի է կամ նույնիսկ ցանկալի:

Ուղիղ ռազմական հաղթանակի ճանապարհի բացակայության դեպքում Կիևին հասանելի բոլոր տարբերակները քիչ թե շատ վանող են: Չնայած հարավում սպասվող հարձակմանը, Դոնեցկի պաշտպանությանը և անցյալ շաբաթ Ղրիմում տեղի ունեցած պայթյուններին, Ուկրաինան, ինչպես և Արևմուտքը, բախվում է դաժան, բազմամյա քայքայող պատերազմի հեռանկարին:

Զուգահեռաբար, ճնշումը կավելանա հրադադարի կամ, անկասկած, ինչ-որ ժամանակավոր խաղաղության համաձայնագրի համար, որպեսզի Եվրոպայի տնտեսական ցավը մեղմվի: Իտալիայում և այլուր աջ պոպուլիստական կուսակցությունները պատրաստ են օգտվել դրանից։ Բրիտանիան կենտրոնացած է թիկունքի վրա։

Գերմանիայում հարցումը ցույց է տալիս, որ մինչև 50 տոկոսը կողմ է Ռուսաստանին տարածքային զիջումներ անելուն։ Ուկրաինայի համար «արդարություն» փնտրողների և «խաղաղության» ձգտողների միջև կտրուկ անջրպետը տարածվում է ամբողջ Եվրոպայում և թեքվում է Կիևի դեմ:

Ճակատագրի հեգնանքով, ամենաշատն անհանգստացնում է պատերազմի մնացած սցենարը` ուկրաինական ուժերի, այսպես կոչված, «աղետալի հաջողությունը», որը, հերքելով բոլոր կանխատեսումները, կանխատեսում է Ռուսաստանի մոտալուտ պարտությունը:

Սրա հավանականությունը շատ է վախեցնում արևմտյան քաղաքական գործիչներին։ Նման սցենարում, որը նկարագրել է գեներալ սըր Ռիչարդ Բերոնսը, հուսահատ Պուտինը դիմում է քիչ հզորությամբ տակտիկական միջուկային զենքի՝ աղետը կանխելու համար: «Դա աներևակայելի չէ, պարզապես տհաճ է»,- սառնասրտորեն զգուշացրել է Բերոնսը:

Ինչպե՞ս պատասխանել։ Կարո՞ղ է տաբուն խախտող նման ոճրագործությունը հանգեցնել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և լայնամասշտաբ պատերազմի Ռուսաստանի դեմ: Ինչ-որ տեղ Արևմուտքն իր երկչոտությամբ ու կիսատպռատությամբ իր գլխին կբերեր նման աղետ։ Բերոնսը պատրաստի պատասխաններ չունի։ Ոչ ոք չունի»,- գրում է հեղինակը, որը վերջում գալիս է այն եզրակացության, որ միակ ելքը «Պուտինի հեռանալն է»։ Նրա խոսքով, «դա ռազմավարական նպատակ է, որին բոլորը կարող են և պետք է եռանդով ձգտեն»:

News.am