Ստեփանակերտում հրաժեշտ են տվել «Սուրմալու» ԱԿ-ում պայթյունի հետևանքով զոհված արցախցիներին

Ստեփանակերտում հրաժեշտ են տվել օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված արցախցիներ Էռնա Գրիգորյանին և Հարություն Գարաքյանին։ Այս մասին տեղեկացրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Ինչպես հայտարարվել է երեկ, ԱՀ նախագահի հրամանագրով Արցախում ևս հայտարարվել է երկօրյա սուգ այսօր ու վաղը՝ ի հիշատակ 2022թ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց: Տվյալ հրամանագրի և «Արցախի Հանրապետության դրոշի մասին» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքների համաձայն՝ սգո օրերին պետական ու համայնքային հիմնարկներում ԱՀ պետական դրոշը խոնարհվել է և արգելվել է գովազդի ու զվարճալի հաղորդումների հեռարձակումը: Իսկ այսօր Ստեփանակերտում վերջին հրաժեշտն ենք տվել պայթյունի հետևանքով զոհված Արցախի բնակիչներին՝ Էռնա Գրիգորյանին ու Հարություն Գարաքյանին:

Թող Աստված լուսավորի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի բոլոր զոհերի հոգիները. համբերություն նրանց հարազատներին»,- գրել է նա։

News.am