Մասիսի քաղաքապետարան մտած քաղաքացին ինքնասպան է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մասիսի համայնքապետարան մուտք գործած քաղաքացին ինքնասպան է եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվության աշխատակից Նարեկ Սարգսյանը։

 


Նա նշեց, որ շենք մտած քաղաքացուն ոստիկանները հայտնաբերել են՝ գլխի շրջանում վնասվածքով։

Դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաև Ոստիկանությունը։

Ըստ հաղորդագրության՝ Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ մի քանի ժամից ավելի էր՝ մի տղամարդ զինված պայթուցիկով մտել էր Մասիսի քաղաքապետարան և սպառնում էր այն պայթեցնել։ Ականատեսները լսել էին, որ տղամարդը համայնքապետարանի շենքում անկանոն կրակոցներ էր արձակել։ Ներխուժման պահին շենքում են եղել համայնքապետարանի մաքրուհին և պահակը։ Նրա պահանջների մասին առայժմ որևէ տեղեկություն հայտնի չէ։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ համայնքապետարան ներխուժած անձը Էդգար Մարգարյանն է: Նա Մասիսի ավագանու անդամ է եղել 2016-2021 թվականներին:

News.am