Միրզոյանը ԼՂ հարցի շուրջ հայկական կողմի տեսակետը ներկայացրել է ֆրանսիացի գործընկերոջը

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Կատրին Կոլոննան Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն` հավելելով, որ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կոլոննայի հետ։

«Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման շուրջ հայկական կողմի մոտեցումները։ Կողմերն ընդգծել են Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում»,– ասված է հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը՝ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, բռնի անհետացածների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման անհրաժեշտությունը։

Միրզոյանը ֆրանսիական կողմին ցավակցել է Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորկի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Կոլոննան իր հերթին ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։

Sputnik Արմենիա