Բայդենը և Զելենսկին Ռուսաստանին կոչ են արել Ուկրաինային վերադարձնել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերահսկողությունը
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
«Նա շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա առթիվ և իր հիացմունքն է հայտնել Ուկրաինայի ժողովրդի հանդեպ, որը ոգեշնչել է ողջ աշխարհին՝ պաշտպանելով իր երկրի ինքնիշխանությունը վերջին վեց ամիսների ընթացքում։ Նա հաստատել է Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Ուկրաինային և թարմ տեղեկատվություն տրամադրել անվտանգության ոլորտում շարունակական աջակցության մասին, ներառյալ Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանական կարողություններին աջակցելու համար գրեթե 3 միլիարդ դոլարի մասին երեկվա հայտարարությունը: Երկու ղեկավարները նաև կոչ են արել Ռուսաստանին վերադարձնել Ուկրաինային Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը և ապահովել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մուտքը դեպի ատոմակայան»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր ԱՄՆ նախագահի հետ իր հեռախոսազրույցի մասին։
News.am