ԵԱՏՄ–ում վերաապահովագրական ընկերություն կստեղծվի
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների վարչապետները համաձայնագիր են ստորագրել Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման մասին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը` Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում իր ելույթի ժամանակ:
«Սա կլինի բիզնեսը խթանելու ևս մեկ գործիք։ Սա այն է, ինչի մասին մենք նախկինում պայմանավորվել էինք, իսկ երեկ արդեն մանրամասն քննարկել ենք Եվրասիական վերաապահովագրական ընկերություն ստեղծելու գաղափարը: Մենք արդեն ստորագրել ենք ընկերության ստեղծման համաձայնագիրը»,- ասաց Միշուստինը:
Գաղափարի համաձայն` վերաապահովագրական ընկերությունը տրամադրելու է ապահովագրական աջակցություն ԵԱՏՄ անդամ երկրների միջև իրականացվող փոխադարձ և արտաքին առևտրի ժամանակ, նպաստելու է ներդրումային համագործակցության զարգացմանը, տրամադրելու է արտահանման վարկեր` համագործակցելով տեղական վարկային կամակերպությունների և ապահովագրողների հետ:
Միշուստինի խոսքով՝ ծրագիրը ներառելու է նաև սեփական արժեթղթերի թողարկման ու նախագծերի ֆինանսավորման բաղադրիչ։
Ըստ փորձագիտական գնահատականի՝ 2 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ապահովագրական կարողությունների ի հայտ գալը հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը ավելի քան 6 միլիարդ դոլարով ավելացնելու համար։
Sputnik Արմենիա