Եվրոպայում գազի գները կարող են գերազանցել 4000 դոլարը

Եվրոպայում գազի բորսայական գները, ըստ «Գազպրոմ»-ի պահպանողական գնահատականների, աշուն-ձմեռ ժամանակահատվածի գագաթնակետին (ԱՁԺ) կարող են գերազանցել 4000 դոլարը հազար խորանարդ մետրի համար, Նավթի և գազի արդյունաբերության աշխատողների օրվան նվիրված կոնֆերանսի ժամանակ ասել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը։

«Գազի գինը 1000 խ/մ-ի համար պարբերաբար գերազանցում է 3000 դոլարը։ Մենք «Գազպրոմ»-ում գների կանխատեսումներ ենք արել գալիք ձմեռվա համար։ Եվ, գիտեք, ըստ պահպանողական գնահատականի, շուկայում առկա միտումները պահպանելու դեպքում աշուն-ձմեռվա առավելագույնի գագաթնակետին գինը կարող է գերազանցել 4000 դոլարը 1000 խ/մ-ի համար»,- ասել է Միլլերը:

Եվրոպայում գազի բորսայական գները մոտեցել են ռեկորդային մակարդակի՝ Ռուսաստանից կապույտ վառելիքի սահմանափակ մատակարարումների ֆոնին, վկայում են Լոնդոնի ICE բորսայի և գազի փոխադրման օպերատորների տվյալները։

Սեպտեմբերին մատակարարվող գազի ֆյուչերսների հաշվարկային գինը օգոստոսի 26-ին (ըստ TTF-ի) կազմել է 3507,3 դոլար, ինչը ռեկորդային արժեք է Եվրոպայում գազային հանգույցների շահագործման ողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 1996 թվականից: Շաբաթվա ցուցանիշն աճել է մոտ 1000 դոլարով կամ գրեթե 40 տոկոսով։ Միևնույն ժամանակ, ուրբաթ օրը գազի գնանշումներն այս պահին հասել են 3525,9 դոլարի և ևս մեկ քայլ են կատարել 3892 դոլարի պատմական առավելագույնի թարմացման ուղղությամբ։ Սակայն օգոստոսի 29-ից սկսած գները սկսել են նվազել, օգոստոսի 31-ի սակարկումներում հոկտեմբերի մատակարարման մոտակա ֆյուչերսների արժեքը իջել է գրեթե 2400 դոլարի։

News.am