Իսրայելը փորձում է խանգարել Իրանի և Արևմուտքի միջև միջուկային գործարքի կնքմանը

Իսրայելի վարչապետ Յայիր Լապիդն այսօր առավոտյան կառավարության նիստի սկզբում անդրադարձել է (Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի) միջուկային համաձայնագրին, որը ձևավորվում է Իրանի և արևմտյան տերությունների միջև, գրել է իսրայելական y net ԶԼՄ-ն։

Իսրայելի վարչապետը տեղեկացրել է, որ վաղը Վաշինգտոն է մեկնելու «Մոսադի» ղեկավար Դավիթ Բառնեան՝ «միջուկային համաձայնագրի ստորագրումը թույլ չտալու ջանքերի շրջանակում հանդիպումներ ունենալու համար»։

Լապիդի խոսքով՝ չորեքշաբթի ինքը զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և տեղեկացրել, որ Իսրայելը դեմ է միջուկային համաձայնագրին։

Ջո Բայդենն, իր հերթին, ըստ նրա, հայտնել է, որ «խորապես հավատարիմ է Իսրայել պետության անվտանգությանը»։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Նասեր Քանաանին տեղեկացրել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին կառուցողական պատասխան է ուղարկել միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին։

Իրանը օգոստոսի 15-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին պատասխան էր ուղարկել իրանական միջուկային գործարքի վերականգնման համար առաջարկված համաձայնագրի նախագծի վերաբերյալ, ինչպես նաև կարծիք էր հայտնել բանակցություններում բաց մնացած հարցերի մասին։ ԵՄ-ում Իրանի պատասխանն անվանել են կառուցողական և հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ կխորհրդակցեն հետագա քայլերի վերաբերյալ։ Իրանական կողմը օգոստոսի 24-ին ստացել է ԱՄՆ-ի պատասխանը։

Համաձայն միջուկային պակտի՝ Թեհրանը սահմանափակել է ուրանի հարստացման իր ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։

2018թ. ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր գործարքից՝ այն անվանելով չափից ավելի մեղմ Իրանի նկատմամբ։

News.am