ՕԼԻԳԱՐԽԻ ԱՇՈՒՆԸ

Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը Ստեփանակերտ տեղափոխվելու մասին և Արցախի զարգացման հավակնոտ ծրագրերը, որոնց իրականացումը նա մտադիր է սկսել արդեն այս աշնանը, անսպասելի քննադատության ենթարկվեցին տարբեր քաղաքական շրջանակների կողմից. իբր՝ եկել է պաշտոն զբաղեցնելու... Ասենք, ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» կամ սաքունցների ու արմանբաբաջանյանների հարձակումներին, ապա այդտեղ ամեն ինչ պարզ է. նրանք երբեք չեն էլ թաքցրել, որ իրենք խնդիր չունեն բարեկեցիկ և բարգավաճ տեսնելու Արցախն ու Հայաստանը։ Նրանց խնդիրը տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելն է։ Իսկ դա այլ օպերա է: Կարելի է ասել, որ այդ ուժերը դասական հինգերորդ շարասյուն են, որն իր երկրում սպասարկում է այլ երկրների շահերը։

Ռուբեն Վարդանյանի ծրագրերը, սակայն, քննադատություն հարուցեցին նաև որոշակի շրջանակներում, որոնց հայրենասիրությունը կասկածից վեր է։ Ըստ երևույթին, առկա է իրավիճակի թերըմբռնում, և Արցախում ռուսաստանցի օլիգարխի ծրագրերը ճիշտ գնահատելու համար պետք է սթափ նայել ստեղծված իրավիճակին։

Հայտնի բան է. քանդելը հեշտ է, կառուցելն է դժվար։ Նիկոլի թիմը չորս տարվա ընթացքում այնքան է քանդել, որ, իրատես լինենք, կորսվածը կարճ ժամանակում վերականգնել հնարավոր չէ։ Ով էլ վճռելիս լինի Արցախի կամ Հայաստանի քաղաքականությունը, կորցրածը վերադարձնելու համար, եթե առհասարակ հնարավոր է գոնե մասամբ վերադարձնել, արդեն ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ են պետք։ Գլխավորն այս պահին՝ դադարել կորցնել ավելին։ Եվ երկրորդը՝ նախադրյալներ ստեղծել վերածննդի հնարավորության համար։

Այսինքն նվազագույն խնդիրը հետևյալն է. անել ամեն ինչ՝ Արցախը հայկական պահելու համար։ Որպեսզի մարդիկ ոչ միայն չուզենան հեռանալ, այլև հակառակը՝ ձգտեն տեղափոխվել այնտեղ։ Արցախը դարձնել դրախտային անկյուն։ Հնարավո՞ր է արդյոք դա։ Հնարավոր է. տարածքը փոքր է, բնակչությունը սակավաթիվ։ Կբավականացնե՞ն արդյոք ռուսաստանցի միլիարդատիրոջ ուժերը այդ խնդիրը հաղթահարելու համար։ Կբավականացնեն։ Հատկապես Արցախի, Հայաստանի և Սփյուռքի այլ ազդեցիկ ուժերի հնարավոր աջակցությամբ։

Բացի այդ, հասկանալի է, որ Վարդանյանն իր որոշումը կայացրել է բնավ ոչ առանց խորհրդակցելու, մեղմ ասած, ռուսաստանյան քաղաքական շրջանակների հետ։ Եվ ուրեմն, այդ շրջանակները նույնպես կիսում են Արցախի առաջնահերթ խնդիրների ըմբռնումը։ Եվ Վարդանյանի տեղափոխությունն այնտեղ կարելի համարել է դրական ազդանշան, քանզի բոլորին էլ պարզ է, թե ով է այսօր Արցախի անվտանգության երաշխավորը։ Դա Երևանը չէ, ՀՀ ՊՆ-ն չէ, և ոչ էլ նույնիսկ, ամենայն հարգանքով հանդերձ, Արցախի Պաշտպանության բանակը, որի կազմալուծման անհրաժեշտության մասին այդքան հաճախ են խոսում Բաքվում։

Դուր է գա, թե ոչ, Արցախի անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորակազմն է։ Եվ ռուսաստանցի օլիգարխի բազմաբնույթ ծրագրերն Արցախում, որի անվտանգությունն ապահովում է ՌԽԶ-ն, ինքնին շատ բանի մասին են վկայում։

Նշանակովի կամ ընտրովի որևէ պաշտոն կզբաղեցնի՞ արդյոք Ռուբեն Վարդանյանն Արցախում: Հարցը երկրորդական է, առավել ռացիոնալ մոտեցման մշակման ոլորտից։

Եթե Վարդանյանը զբաղեցնի Արցախում այս կամ այն պաշտոնը, կնշանակի՞ արդյոք դա, որ այնտեղ չկան հանրապետությունը գլխավորելու ունակ այլ արժանի մարդիկ։ Իհարկե՝ չի նշանակի։ Արցախում շատ են հայրենասեր մարդիկ, որոնք շատ ավելի արժանի են չճանաչված հանրապետության ղեկավարի պաշտոնին, քան ներկայիս նախագահը, որի համար, ինչպես գրում են լրատվամիջոցները, շտապ տուն են կառուցում Սևանի ափին։ Հնարավորինս մոտ Նիկոլին, որպեսզի վերջինս կարողանա հետևել, որ Արայիկը հանկարծ բերանից բան չթռցնի։ Արցախցիներից հնարավորինս հեռու, որպեսզի կարողանա հանգիստ ապրել ու չհիշել, թե ինչպես դրժեց Առաջին ազատամարտում զոհված եղբոր հետ տված երդումը։

Սեփական կյանքի գնով Հայրենիքը պաշտպանելու երդումը։ Երդում, որի մասին Արայիկ Հարությունյանը հպարտությամբ պատմում էր իր երդմնակալության ժամանակ…

Բայց մենք շեղվեցինք։ Արցախում իսկապես կան բազմաթիվ արժանավոր հայրենասերներ, որոնք կարող են զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը։ Բայց հենց այն պատճառով, որ նրանք հայրենասեր են, հանրապետության քաղաքական էլիտան, կարծում ենք, ըմբռնումով կմոտենա այնպիսի դասավորությանը, որի պարագայում Ռուբեն Վարդանյանը իշխանական լծակներ կստանա իր ծրագրերն իրականացնելու համար։ Արցախցիները երբեք առիթ չեն տվել կասկածի տակ առնելու իրենց պրագմատիզմը, որի հիմքում սերն է Հայրենիքի նկատմամբ։

Բայց կա ևս մեկ կարևոր գործոն. Որքան էլ սքանչելի լինեն Ռուբեն Վարդանյանի ծրագրերը, դրանք շատ դժվար կլինի իրականացնել, քանի դեռ Երևանում իշխանության ղեկին է մի թիմ, որի ներկայացուցիչները մտածում են միայն սեփական բարօրության մասին։ Ուստի պետք չէ ակնկալել, թե նրանք կօգնեն միլիարդատիրոջը. Թերևս միայն՝ հարկադրված, ճարահատյալ։

Արցախի վերածնման վերաբերյալ Վարդանյանի ծրագրերը կարող են հաջողությամբ իրականացվել միայն այն դեպքում, եթե Հայաստանում նույնպես լինի համապատասխան իշխանություն։ Խնդիրն այդ լուծելի է, և հույս կա, որ առաջիկայում կլուծվի։ Ռուբենը՝ Ստեփանակերտում, Ռոբերտը՝ Երևանում։ Դա կլիներ հզոր տանդեմ։ Բայց, պետք է խոստովանել, շատերի համար անցանկալի։