ԲՐԱՅԱՆ ՄԵՅԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ Է ՄԵՐԿՈՒՐԻԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑՆԵՐԻ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

STARMUS գիտության և արվեստի փառատոնի համահիմնադիր, լեգենդար Queen-ի կիթառահար Բրայան Մեյը, ով արժանացել է Սթիվեն Հոքինգի մեդալին, երեքշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց գիտության, կրթության և ժամանակակից երաժշտության իր տեսլականի, Սթիվենի Հոքինգի մեդալի, Beatles–ի և Ջիվան Գասպարյանի հետ համագործակցության մասին։

 


Սթիվեն Հոքինգի մեդալները նախօրեին հանձնվել են Երեվանում՝ STARMUS վեցերորդ փառատոնի բացման արարողության շրջանակում։

Ինչպես նշեց փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Սթիվեն Հոքինգի մեդալը շնորհվում է չորս ոլորտներում՝ երաժշտություն և արվեստ, կինոարվեստ, գիտահանրամատչելի գրականություն և ողջ կյանքի ստեղծագործություն։

«Երաժշտության և արվեստի համար մեդալ շնորհվել է դոկտոր Բրայան Մեյին, գիտահանրամատչելի գրականության համար՝ Դայան Աքերմանին (բանաստեղծ, գիտահանրամատչելի ստեղծագործությունների հեղինակ, բնագետ- խմբ.), ֆիլմի ստեղծման համար մեդալ է շնորհվել է NASA TV-ին, իսկ ֆիլմի ստեղծման համար մեդալը շնորհվել է NASA TV-ին, իսկ ողջ կյանքի ստեղծագործության համար մեդալի է արժանացել Ջեյն Գուդոլը (պրիմատոլոգ և մարդաբան, խմբ.) ստացել է ողջ կյանքի աշխատանք»,- ասաց փառատոնի համահիմնադիրը։

Իսկ հետո ելույթ ունեցավ Բրայան Մեյը։

Սթիվեն Հոքինգի մեդալի մասին

Գարիկ Իսրայելյանի հետ համագործակցում եմ առաջին STARMUS-ից, և դա հիանալի փորձ է: Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի ու հուզիչ էր ստանալ այս մեդալը։ Երբ Գարիկն ինձ ասաց, որ խորհուրդը որոշել է ինձ տալ այս մեդալը, ես ասացի. «Ոչ, ես սրան կողմ չեմ քվեարկելու»։

Մենք անընդհատ խոսում էինք այն մարդկանց ու գիտնականների մասին, ովքեր արժանի են այս պատվին, ովքեր գիտության միջոցով փոխել են աշխարհը։ Ինձ համար պատիվ է կանգնել երկու կանանց կողքին, ովքեր փոխում են մարդկանց տեսլականն աշխարհի և մեր երկրագնդի մասին։

Հայաստան այցելելու երազանքի մասին

Ես նախկինում երբեք չեմ եղել Հայաստանում, և ինձ համար շատ հուզիչ է (այստեղ լինելը, խմբ.): Կցանկանայի ավելի երկար մնալ այստեղ, որպեսզի ավելի լավ ճանաչեմ երկիրը: Երկրաշարժից հետո (1988թ., խմբ.) ինձ շատ էին անհանգստացնում Հայաստանին առնչվող հարցերը։ Եղել են պահեր, երբ համագործակցելով հայ երաժիշտների հետ, ցանկացել եմ գալ Հայաստան։ Հիմա վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ սա իրականացված երազանք է։

Ջիվան Գասպարյանի մասին

Ինձ համար մեծ պատիվ էր և շատ հուզիչ էր աշխատել Ջիվան Գասպարյանի (դուդուկի աշխարհահռչակ վարպետ, խմբ.) հետ, այս համագործակցությունն իրականացավ Գարիկ Իսրայելյանի շնորհիվ։ Ջիվան Գասպարյանի հետ կարճ համագործակցության ընթացքում նրա միջոցով փորձեցի ճանաչել հայերի երաժշտական ոգին։ Եվ հիմա ես հաճույքով կաշխատեմ նրա թոռան հետ:

Այն մասին, թե ինչպես փոխել աշխարհը

Մենք պետք է ամեն ինչ անենք` իրավիճակը մեղմացնելու համար։ Իմ անունից կարող եմ ասել, որ աշխարհը կարծես սխալ ուղղությամբ է գնում։ Միգուցե իմ տեսակետը տարբերվում է, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել ոչ միայն մարդկության, այլ նաև մեր մոլորակի վրա։ Մարդկությունը շատ առումներով վատ ազդեցություն է թողնում մոլորակի և իր վրա: Հետևաբար, եթե ինչ-որ կետից սկսենք և մտածենք ոչ միայն մեր, այլ մարդկության մասին, կունենանք շատ ավելի լավ աշխարհ։

Տավուշի մանկապատանեկան երգչախմբի հետ ելույթի մասին

Ավելի վաղ սոցիալական ցանցերում մեծ իրարարանցում էր առաջացրել Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ելույթը, որը կատարել էր Queen-ի լեգենդար հիթերը։ Բրայան Մեյի և այլ հայտնի երաժիշտների ու խմբերի հետ սեպտեմբերի 7-ին կայանալիք STARMUS համերգի ծրագրում ներառված է նաև այս երգչախմբի կատարումը։

Իհարկե, ես աշխատել եմ մեծ փոփոխություններ չանել նրանց կատարման մեջ, քանի որ հասկանում եմ, որ նրանք երեխաներ են, և հարկ չեմ համարել շատ բան փոխել։ Այս ելույթը բարձր կատարողական արվեստի մասին չէ, այլ ավելի շատ զգացմունքների: Համերգի այս հատվածն ավելի շատ փորձի է նմանվելու, ինչը նույնպես լավ է, քանի որ մենք կփորձենք փոխանցել այդ դրական էմոցիաները։

Զրույց Ֆրեդի Մերկուրիի հետ

Ֆրեդիին ամեն ինչ հետաքրքրում էր։ Նա ինձ պարբերաբար ասում էր, որ չեմ կարող միաժամանակ երաժշտությամբ զբաղվել և պրոֆեսորի կոչում ստանալ գիտության ոլորտում։ Սակայն թեզս պաշտպանելուց հետո նորից վերադարձա երաժշտությանը։ Ինձ համար մեծ պատիվ է համատեղել այս երկու ուղղությունները։ Ֆրեդին իր բնավորությամբ ավելի կենտրոնացած է, երբ նա կենտրոնանում էր երաժշտության կամ որևէ այլ բնագավառի վրա, ասում էր, որ մնացածը կարող են ավելին անել, բայց «եթե ես ինչ-որ բան եմ անում, պետք է կենտրոնանամ հենց դրա վրա»։

Beatles-ի հետ աշխատանքի մասին

Դա շատ պարզ էր, մենք, կարծես, շատ հանգիստ էինք զգում այդ դաշտում։ Երբեմն այլ երաժիշտների ստեղծագործություններում առանց դժվարության կարող ես քեզ զգալ քո հարմարավետության գոտում և կատարել դրանք, ինչը կարող եմ ասել Beatles–ի մասին։

Queen-ի և ժամանակակից երաժշտության մասին

Իմ սերնդի համար մի քիչ դժվար է հասկանալ այսօրվա երաժշտությունը: Թերևս տեխնոլոգիական միտումներն են, որ հանգեցնում են նրան, որ այսօր չկա այդպիսի երաժշտություն (ինչպես նախկինում, խմբ.): Սա բարդ հարց է։ Մեր բախտը բերեց։ Մենք՝ որպես Queen-ի անդամներ, քննադատաբար մոտեցանք միմյանց, և ստեղծագործ հոգին այդպիսով հասավ ներդաշնակության և հավասարակշռության: Ահա թե ինչի վրա էր հիմնված Queen-ը:

Newsarmenia.am