Փաշինյանը՝ Պուտինին․ Ղարաբաղում անվտանգության ապահովման առումով կան նրբություններ
Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արևելյան տնտեսական ֆորումին մասնակցելու հրավերի համար։ Անկեղծ ասած, ինձ դուր եկավ ֆորումը (իհարկե այն շարունակվում է) և տպավորված եմ Վլադիվոստոկից՝ հիանալի վայր, հուսով եմ՝ ավելի շատ առիթներ կլինեն այցելելու և ոչ միայն աշխատանքային այցով։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Իհարկե, ինչպես արդեն նշեցիք, ընթացիկ տարին շատ կարևոր էր մեր հարաբերությունների համար։
Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության ամենամոտ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցն է, և հատկապես այս դժվար պահին մշտական շփումը կարևոր է։
Դուք նշեցիք, և ես ևս ուզում եմ նշել ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։ Պետք է խոստովանել, որ սա հեշտ առաքելություն չէ, մենք բազմիցս խոսել ենք այս մասին և բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը։
Ընդհանրապես, ԼՂ-ում անվտանգության ապահովման առումով կան նրբություններ, որոնք մենք պետք է քննարկենք։
Ավանդական են նաև մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հարցերը։ Հետհամավարակային շրջանում մեր առևտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն վերականգնվել են, այլև որոշակի նոր դրական տեղաշարժ կա։ Կրկին շնորհակալություն ջերմ ընդունելության համար»,-ասել է Փաշինյանը։
News.am