Մենք պատրաստ ենք Շուշիի գորգերի թանգարանի տնօրենի հետ քննարկումների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետությունը պատրաստ էր Շուշիի գորգերի թանգարանին տարածք տրամադրել Հայաստանի պատմության թանգարանում, սակայն վերանորոգման աշխատանքների պատճառով գործընթացը ձգձգվեց։ Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը։

 


«Մեր տեղեկություններով՝ Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը շահագրգռված չէ, որ իր ցուցանմուշները Պատմության թանգարանում ցուցադրվեն։ Մենք առաջարկել ենք նաև Սարդարապատի թանգարանը, սակայն այս տարբերակը նույնպես մերժվել է Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանի կողմից։

Մենք կուզեինք տեղ հատկացնել, բայց պետք է հաշվի առնել նաև մեր ունեցած ռեսուրսները, դրանք սահմանափակ են։ Առաջարկում ենք այն, ինչ ունենք։ Եթե Ասծատրյանը ցանկություն հայտնի դիտարկել մեր առաջարկած երկու տարբերակներից մեկը, ապա պատրաստ ենք շարունակել քննարկումները»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Ասծատրյանը բազմիցս բարձրացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում տարհանված գորգերի պահպանման հարցը՝ դժգոհելով ՀՀ իշխանությունների առաջարկած վայրերում համապատասխան պայմանների բացակայությունից։

News.am