Հ2 հեռուստաալիքը ՀՌՀ–ին մեղադրում է օրենքները խախտելու մեջ

Հայկական երկրորդ հեռուստաալիքը` Հ2-ը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին մեղադրում է ՀՀ օրենքները խախտելու և անկախ լրատվամիջոցների հեռարձակմանը խոչընդոտելու մեջ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է հեռուստաընկերության փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը։

Բանն այն է, որ ՀՌՀ–ի որոշմամբ հեռուստաալիքը զրկվել էր հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու իրավունքից։

Դրանից հետո, Սուլթանյանի խոսքով, հեռուստաընկերությունն անցել է դատական երեք ատյաններով։ Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, ՀՌՀ որոշումն անօրինական ու ուժը կորցրած է ճանաչվել։

Ըստ Սուլթանյանի` դա նշանակում էր, որ հաճախականությունը պետք է վերադարձվեր Հ2-ին, բայց հանձնաժողովն այլ որոշում կայացրեց։ Նրա համոզմամբ, դա արվել է միտումնավոր, որպեսզի երկիրը չունենա անկախ հեռուստաալիք, որն օբյեկտիվորեն լուսաբանի երկրում տեղի ունեցող գործընթացները։

Հ2-ի փոխտնօրենը հայտնեց նաև, որ անկախ ամեն ինչից, հեռուստաընկերությունը մտադիր է մասնակցել հանրային մուլտիպլեքսում հեռարձակման կապուղիների համար հայտարարվող բոլոր մրցույթներին ։

«Ամեն անգամ ծրագիրը փոխում ենք դեպի լավը, մասնակցում ենք մրցույթներին, դա է, որ հանձնաժողովին ստիպում է օրենքի նոր խախտումներ անել և թույլ չտալ, որ եթեր հեռարձակվենք»,- ասաց ընկերության փոխտնօրենը։

Նշենք, որ ասուլիսից հետո Sputnik Արմենիան որոշեց ծանոթանալ նաև ՀՌՀ–ի դիրքորոշմանն այս հարցին։ Բայց հանձնաժողովից մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին։