«ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐԸ» ԴՐՎԱԾ ԵՆ ՀՈՍՔԱԳԾԻ

Իշխանության գալու պահից ի վեր թավշե թիմը սկսեց կանոնավորապես կերակրել հասարակայնությանը աշխատանքի շուկայի վերաբերյալ դրական լուրերով: Ավելի ճիշտ, ոչ թե ընդհանրապես աշխատաշուկայի, այլ նոր աշխատատեղերի քանակի ցուցանիշների, որոնք, իբր, ավելանում են տարեցտարի, ամսեամիս։ Կառավարությունը հաջողացրեց աշխատատեղերի աճ արձանագրել նույնիսկ 2020-ի լոքդաունի շրջանում, երբ իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել էին տասնյակ հազարավոր ընկերություններ ու ձեռնարկություններ։

Վերջին անգամ աշխատատեղերի թեման իշխանության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում հայտնվեց այս տարվա հունիսին։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե աշխատատեղերի թվով բացարձակ ռեկորդ է գրանցվել։ Սակայն արդեն օգոստոսի վերջին պարզվեց, որ աշխատաշուկայում ռեկորդները ծայրաստիճան անկայուն երևույթ են. թափուր աշխատատեղերի թիվը կրճատվում է գրեթե նույն տեմպերով, որով աճում է:

Այսպես, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, հունիսին Հայաստանում աշխատատեղերի թիվը հասել է 689 265-ի։ Իսկ արդեն հուլիսի դրությամբ այդ ցուցանիշը նվազել է 683 152-ի։ Այսինքն ընդամենը մեկ ամսում կորսվել է ավելի քան 6 հազար աշխատատեղ։ Այո, խոսելով աճի մասին՝ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ խոսքը ոչ միայն նոր տեղերի, այլև ստվերից դուրս եկածների մասին է։ Հաշվի առնելով այս նրբությունը՝ արձանագրենք, որ հուլիս ամսին 6 հազար աշխատատեղ ոչ միայն փակվել է, այլև վերադարձել ստվեր։ Այժմ կարելի է գրանցել բացարձակ հակառեկորդ։ Ասենք, ոչ միայն հակառեկորդ, այլև բացարձակ պարադոքս։

Բանն այն է, որ աշխատաշուկայում աշխատատեղերի կրճատման տեսքով հուլիսյան բացասական միտմանը զուգահեռ՝ երկրի տնտեսության մեջ նկատվել է նաև դրականը։ Այսպես, հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 8,5%-ով, 12,5%-ով աճել է շինարարության ծավալը, 9,3%-ով՝ առևտրաշրջանառությունը։ Առնվազն տարօրինակ է, որ աշխատատեղերի կրճատումը կարող էր նման արդյունք տալ։ Ի վերջո, հենց նույն շինարարության ծավալի աճը պահանջում է, բացի ամենից, նաև աշխատող ձեռքեր։ Բայց... մեր դեպքում նման կապ չկա։ Ընդհանրապես ոչ մի կապ չկա աշխատատեղերի քանակի և տնտեսության միտումների միջև։ Հենց դրանում էլ, ըստ էության, ամփոփված է պարադոքսը։

2020թ. գարնանը Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում ու պատմելով այն մասին, թե լոքդաունի շրջանում երկրում բացվել են հազարավոր աշխատատեղեր, ինքն էլ զարմացավ այդ, ուղիղն ասենք, անբացատրելի երևույթի վրա և որոշեց անվանել դա սենսացիա: Ամենայն հավանականությամբ, սենսացիաները դրված են հոսքագծի, քանզի Հայաստանի տնտեսության մեջ անբացատրելին գնալով ավելանում է։