Մարուքյան. Ադրբեջանը հերթական սահմանային սադրանքն է պլանավորում

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մտավախություն է հայտնել, որ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը։

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում` վերլուծելով վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության գրեթե ամենօրյա կեղծ հայտարարությունները` հայկական ուժերի կղմից շփման գծի տարբեր ուղղություններով, իբր, կրակոցներ արձակելու մասին։

«Մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը», – գրում է Մարուքյանը։

Նրա պնդմամբ` միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ֊ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։

«Այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը»,– նշում է հատւկ հանձնարարություննրով դսպանը։

Նշենք, որ նման վերջին ապատեղեկատվությունը Ադրբեջանի ՊՆ–ը տարածել է այսօր առավոտյան։ Որոշ ժամանակ անց ՀՀ ՊՆ–ը հերքել է այն: Այս գործընթացը գրեթե նույնությամբ կրկնվում է վերջին 1 շաբաթվա ընթացքում` ամեն օր։

Հիշեցնենք` 2022թ–ի մարտի 14-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր հատուկ հանձնարարություններով դեսպան:

Sputnik Արմենիա