Սաղաթելյան․ Ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձևավորումը
Պարտության և ամոթի մարմնացման ձեռքով այս ԱԺ-ն դարձավ և պատմության մեջ կմնա որպես նորանկախ Հայաստանի ամենախայտառակ գումարման ԱԺ-ն. ԱԺ, որտեղ իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է պետական ու ազգային շահը: ԱԺ-ի պատերից ներս շարունակվում է կրկես հիշեցնող էժանագին շոուն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Հայաստանի իրական և առաջնային օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում: Մենք մեր քաղաքացիներից մանդատ ենք ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար: ՀՀ օրվա իշխանությունները և նրա կցորդ ԱԺ մեծամասնությունը չեն սպասարկում այդ օրակարգը, աշխատում են, դրա դեմ նոր սպառնալիքներ ստեղծելով մեզ համար»,-ասաց նա:
Սաղաթելյանը նկատեց, որ ԱԺ մեծամասնությունը հրաժարվում է դեմ արտահայտվել այսպես կոչված «Շուշիի հռչակագրին». «Հրաժարվում է մասնակցել ընդդիմության կողմից հրավիրված ԱԺ նիստին, որտեղ պետք է ընդունվեր հայտարարություն Հայաստանի կարմիր գծերի մասին, մասնավորապես, պետք է հայտարարվեր, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ուրեմն հարկավոր է իրենց մենակ թողնել թշնամու օրակարգը սպասարկելու իրենց ընտրության մեջ: Միջազգային հանրությունը պետք է տեսնի ու հասկանա, որ հայ ժողովուրդը տեր է իր հայրենիքին և ՔՊ-ն Արցախը զոհաբերելու կամ վաճառելու գործում միայնակ է:
Մենք ոչ միայն պետք է շրջենք ամոթալի այս էջը, այլ նաև ժողովրդի համար բացենք վերելքի ու զարթոնքի նոր էջ: Մենք վստահ ենք, որ ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում կա նոր որակի պետություն կերտելու ներուժ:
Մեզ պետք է նոր նավապետ և նոր ուղղություն: Ուստի ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձևավորումը, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին համահունչ փրկության ծրագրի ներկայացումը և իրագործումը»,-ընդգծեց ընդդիմադիր գործիչը:
Նա նաև հավելեց, որ նախաձեռնելով քննարկումների այս ֆորմատը՝ իրենք մեկ բարձր նպատակ են հետապնդել՝ միավորել մեր ժողովրդի բոլոր կարող ուժերը և ամենայն պատասխանատվությամբ խոսել ՀՀ իրական օրակարգերի, մարտահրավերների և դրանք հաղթահարելու հնարավորությունների մասին, ստեղծել հանրային այն ինստիտուտները, որոնք ի զորու են պատասխանատվություն ստանձնել և առաջնորդել ժողովրդին դժվարին այս ժամանակահատվածում:
«Դիմադրության» շարժումն արդեն իսկ դարձել է նման հարթակ: Մենք ամբողջ աշխարհին կարողացել են նվազագույն պահանջը տեղ հասցնել, որ օրվա իշխանությունը չունի մանդատ հայ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու կամ խաղաղության անվան տակ նոր կապիտուլյացիա ստորագրելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
News.am