«ՄԻՋԱՆՑՔ ՃԵՂՔԵԼ». ՍԱ Է ԱՅՍՕՐ ԲԱՔՎԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

«Ռուսաստանն ու Իրանը Հայաստանին օգնություն ցուցաբերելու երկու իրական ուղղություններն են»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հավաստում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սեմյոն ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ։

-Այս գիշեր Ադրբեջան ահաբեկչական պետությունը հարձակում է գործել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանիով և խոշոր տրամաչափի զինատեսակներով ինտենսիվ գնդակոծել են հայկական դիրքերը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Դա սպասելի՞ էր։

-Ադրբեջանն օգտվում է ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակից։ Այն, ինչ հիմա կատարվում է այնտեղ, այնքան էլ բարենպաստ չէ Ռուսաստանի համար, այդ իսկ պատճառով ադրբեջանցիները որոշել են օգտագործել պահը, զավթել հարավային Հայաստանը և ճեղքել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, համարելով, թե Ռուսաստանը հիմա իր հոգսերով է զբաղված։

Սա է Բաքվի այսօրվա ռազմավարական խնդիրը։ Ցավոք, ռուսաստանյան ղեկավարությունը հետխորհրդային տարածքում երկար ժամանակ սիրաշահում էր բոլորին՝ հավատարիմ մնալով «մենք բոլորի հետ ընկերություն ենք անում» սխեմային։ Դա սխալ քաղաքականություն էր, որը չի համապատասխանում առաջին հերթին հենց ՌԴ շահերին։

-Ուրեմն ինչո՞ւ չդադարել սիրաշահել:

-Այժմ եկել է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը: Ի՞նչը կարող է օգնել Ռուսաստանին և Հայաստանին։ Ես չեմ ուզում հղում կատարել ՀԱՊԿ-ին. դա փուչ բան է։ Երբ Փաշինյանը դիմում է ՀԱՊԿ-ին, նա դիմում է դատարկությանը։ Պետք չէ պատրանքներ տածել, հատկապես այսպիսի դժվարին պահին։

Օգնության համար պետք է դիմել Ռուսաստանի ղեկավարությանը, թեկուզ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ուժերով, ծավալել այն, որպեսզի օգտագործվի ողջ հզորությամբ։ Մոսկվայում պետք է հստակ հասկանան. չնայած այն բանին, որ Հայաստանի ղեկավարությունն այսօր Ռուսաստանի դաշնակիցը չէ, որ իր էությամբ այն հակահայկական է և նաև հակառուսական, այդուհանդերձ միայն Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին։ Ոչ մի Ֆրանսիա, ԱՄՆ չեն օգնի։

Կա ևս մեկ պետություն, որը կարող է օգնել. հարևան Իրանը։ Այնտեղ բազմիցս հայտարարել են, հատկապես նոր իշխանության գալուց հետո՝ ի դեմս նախագահ Ռաիսիի, որ թույլ չեն տա սահմանների փոփոխություն Հայաստանի հարավում։ Թուրքիայի ուժեղացումը չի համապատասխանում Թեհրանի շահերին, առավել ևս նրա շահերին չի համապատասխանում Ադրբեջանի ուժեղացումը, եթե հաշվի առնենք, որ Իրանում գոյություն ունի ադրբեջանական գործոն։

Հայաստանի իշխանություններն այժմ պետք է վճռական լինեն իրենց գործողություններում։ Պետք չէ վախենալ, թե ԱՄՆ-ը կնեղանա։ Պետք է անհապաղ դիմել Իրանի ղեկավարությանը՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով, ընդհուպ մինչև իրանական բանակի առանձին ստորաբաժանումների մուտք հարավային Հայաստանի տարածք։ Եվ, կրկնում եմ, օգտագործել ռուսական ռազմաբազայի բոլոր հնարավորությունները։

Ռուսաստանն ու Իրանը օգնության երկու իրական ուղղություններն են։ Մնացյալը ակտիվության իմիտացիա է պրն Փաշինյանի կողմից, որը վաղուց դավաճանել է թե՛ Հայաստանին, թե՛ Ռուսաստանին, և անհասկանալի է, թե ինչի տեղ է դնում իրեն՝ դիմելով ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ գոյություն չունի. ես պնդում եմ դա արդեն տարիներ շարունակ, պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել։

-Պե՞տք է արդյոք Ռուսաստանը շտապ վերանայի իր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ընթացիկ իրավիճակի համատեքստում:

-Ռուսաստանում հզոր կերպով աշխատում են Թուրքիայի և Ադրբեջանի լոբբիստական կառույցները, դա փաստ է։ Իսկ վերանայել պետք էր դեռ շատ վաղուց։

Ասեմ ավելին. հաշվի առնելով Ուկրաինայում ներկայիս իրավիճակի առանձնահատկությունները՝ կարծում եմ, որ ոչ միայն Ադրբեջանը կփորձի վերցնել առավելագույնը, այլև Թուրքիան՝ սիրիական ուղղությամբ։ Էրդողանը կարող է ռազմական հատուկ գործողություն սկսել իր ընտրությունների նախաշեմին։ Նրանք ի՞նչ դաշնակից Ռուսաստանի համար, ինչի՞ մասին է խոսքը։ Այդ երկրները՝ և՛ մեկը, և՛ մյուսը օգնում են մեր հակառակորդին Ուկրաինայում, մենք ինչ է, չգիտե՞նք այդ մասին։

Ի դեպ, Թուրքիան արդեն ոչ միայն «բայրաքթարներ» է մատակարարում Ուկրաինային, այլև զրահամեքենաներ, և բազմաթիվ այլ բաներ։

՞նչ կասեք Արցախի խնդրի մասին: Այսօր փաշինյանական իշխանության ներկայացուցիչների շուրթերից գնալով ավելի հաճախ են կարծիքներ հնչում, թե անկախության ճանաչման հնարավորություն Արցախը չունի և երբեք չի ունեցել։ Չգիտես ինչու՝ Դոնբասը, Ղրիմը, Կոսովոն ունեն, իսկ Արցախը՝ ոչ։ Ո՞րն է տարբերությունը։

-Արցախի տարբերությունն այն է, որ Երևանում իշխանության ղեկին հակահայկական թիմ է, որի ներկայացուցիչներն էլ հնչեցնում են նման հայտարարություններ։ Տարիներ շարունակ Արցախի շուրջ ընթանում էր բանակցային գործընթաց, հայկական կողմի հաջողություններն անժխտելի էին։ Փաշինյանն այդ ամենը զրոյացրեց։

Ես զարմանում եմ, թե ինչպես կարող էին Հայաստանի քաղաքացիները քվեարկել այդ գործչի օգտին։ Ախր նրանք դեմ քվեարկեցին իրենք իրենց։ Արդյունքում՝ երկրում չկա գործունակ բանակ, չկա քաղաքականություն Արցախի վերաբերյալ, ոչինչ չկա ... Վայելիր ներկա օրը, վաղը ձեզ կօկուպացնեն, սարսափելի բան չկա, կարևորը՝ չկռվել... Բոլոր դժգոհությունները՝ Նիկոլ Փաշինյանին։

-Իսկ միջազգային ընկալման տեսանկյունի՞ց:

-«Միջազգային ընկալումը» կախված է նրանից, թե ով է կանգնած այս կամ այն տարածքի թիկունքում։ Կանգնած է Ռուսաստանը՝ ընկալումը լավ է, ԱՄՆ-ը՝ լավ։ Արցախի թիկունքում ոչ ոք կանգնած չէ. վատ է։ Միջազգային իրավո՞ւնք։ Իսկ ո՞ւր է դա։ Իրականում գոյություն ունի միայն ուժի իրավունք. այդպիսին է, ցավոք, իրականությունը։