Համայնքապետ․ Սոթքում տարհանման պահին 3 մարդ է վիրավորվել, 1-ի վիճակը ծանր է

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում ադրբեջանական հրետակոծության արդյունքում 3 քաղաքացիական անձ է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը` հավելելով, որ նրանք վիրավորվել են տարհանման ժամանակ։

Նա հավելեց նաև, որ իրենց համայնքում զոհեր, բարեբախտաբար, չկան։

«Գյուղում մոտ 1000 բնակիչ կա։ Այս պահին կանայք և երեխաները դրսում են։ Տղամարդիկ գալիս են, իրենց կովերին կերակրում են ու էլի գնում են»,– ասաց համայնքապետը։

Սևակ Խաչատրյանը դժվարացավ պատասխանել , թե որքան է տուժել համայնքը, ասաց` վնասի չափը դեռ ճշտվում է։

Նա նաև վստահեցրեց, որ վերջին երկու օրերին, ոչ մի կրակոց Սոթքում չի հնչել։