2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԳՐՈՀԸ ՈՃԻՐ ԷՐ ԱՌԱՆՑ ՊԱՏԺԻ

Հերթական սուտը՝ ռեժիմի հանցագործությունները թաքցնելու համար

Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, աչքն էլ չթարթելով, հայտարարեց լրագրողների հետ զրույցում, թե ընդդիմությունը ճանաչել է 2021թ.արտահերթ ընտրությունների արդյունքները: Դա անպատկառ սուտ է, քանզի ընդդիմությունը վիճարկել է այդ արդյունքները Սահմանադրական դատարանում: Սիմոնյանը տեսախցիկների առջև ասաց նաև, որ ՍԴ-ին դիմում չի եղել։ Խոսնակի սուտն ամենևին էլ «բարեխիղճ մոլորության» հետևանք չէ. ռեժիմն անում է ամեն ինչ, որպեսզի հավաքական հիշողությունից ջնջի հանցագործությունների աղաղակող փաստերը։

2021թ.հունիսի 20-ի ընտրությունները լեգիտիմությունից զուրկ են, քանի որ հրաժարականից հետո Փաշինյանը պահպանել է կառավարության ղեկավարի բոլոր լիազորությունները: Ռեժիմի պարագլուխն անձամբ հայտարարեց, որ խորհրդարանի և նախագահի կողմից ընդունված հրաժարականից հետո կպահպանի լիիշխանությունը։ Այդ հայտարարությունը արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի թերի լեգիտիմության ամենախոսուն ապացույցն է։

Եթե Սիմոնյանին հիշեցնենք, որ Փաշինյանը 2018թ. հոկտեմբերի 2-ին կազմակերպել է խորհրդարանի հակասահմանադրական զավթում, ապա խոսնակը հաստատ կասի, թե նման բան չի եղել։ 2019թ. մայիսի 20-ին դատարանների շրջափակումից հետո Փաշինյանի շրջապատի մարդիկ հայտարարություններ էին անում, թե հեղափոխության առաջնորդը նման կոչով չի դիմել և չի մասնակցել շրջափակմանը, մինչդեռ կան ինչպես անձամբ արած կոչի, այնպես էլ իր անձնական մասնակցության փաստագրական հաստատումներ։

Խորհրդարանի գրոհը, անկասկած, նախերգանք դարձավ դատարանների հետագա շրջափակման և գործադիր իշխանության կողմից դատական իշխանության զավթման համար: 2018 թվականի հոկտեմբերի 2-ի իրադարձությունները ցույց տվեցին օրենսդիր մարմնի նկատմամբ գործադիր իշխանության ղեկավարի հաշվեհարդարի փաստը։ Այսօր շատերն արդեն մոռացել են, որ ռեժիմի պարագլուխն իր կողմնակիցներին խորհրդարանի պաշարման կոչ արեց միայն այն հիման վրա, որ խմբակցությունները կողմ քվեարկեցին Կանոնակարգում լրացումներ կատարելու մասին օրինագծին։

Այլ կերպ ասած, խորհրդարանը զբաղվում էր իր օրինական լիազորությունների իրականացմամբ, բայց սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ բանակցություններից հետո Փաշինյանին պետք էր մոտեցնել արտահերթ ընտրությունների ժամկետները։ Դրա համար նա օգտվեց հարմար առիթից՝ գրոհելու և 2018 թվականի դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը խմբակցություններին պարտադրելու նպատակով, թեև ավելի վաղ խոստացել էր, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան, երբ կուսակցությունները պատրաստ կլինեն դրանց: Սակայն վերելակային բանակցություններից հետո ստիպված էր շտապել…

Եթե այսօր ամփոփենք Փաշինյանի ձեռքերն արձակած բոլոր հանգամանքները, ապա վերելակային բանակցությունների հետ մեկտեղ՝ հարկ է հիշատակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեպտեմբերի 20-ի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ. «Առաջիկա ամիսներին հնարավորություն է բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»: Փաշինյանը հասկացավ, որ իր վրա մեծ խաղադրույք է արված…

Հոկտեմբերի 2-ից հետո ակնհայտ դարձավ, որ Արմեն Սարգսյանը ի վիճակի չէ կատարել Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի՝ «Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը»։ Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին խորհրդարանի շենքի շուրջ և ներսում, կոպտագույն ոտնձգություն էր պետության Հիմնական օրենքի նկատմամբ՝ իշխանության բոլոր ճյուղերի անկախության և լիազորությունների հավասարակշռվածության մասով։

Աշխարհը չարձագանքեց ժողովրդավարության ակնհայտ ոտնահարմանը

Այն օրերին ԶԼՄ-ները հրապարակում էին պատգամավորների վկայություններն այն մասին, թե ինչպես էին խորհրդարանի նախասրահը չափչփում ռեժիմի պարագլխի կողմնակիցները՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորների որոնումներով, որպեսզի ֆիզիկական հաշվեհարդար տեսնեն նրանց նկատմամբ։ Հանրապետականները հավաքվել էին խոսնակ Արա Բաբլոյանի աշխատասենյակում։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը «ԳԱ»-ին տված հարցազրույցում պատմել է, որ իր դիմումին խորհրդարանի թիկնազորը ցինիկաբար պատասխանել է, թե՝ գնացեք, շփվեք ժողովրդի հետ։ «Ժողովուրդ» ասելով՝ նկատի էր առնվում խուլիգանների կույտը, որը վազվզում էր ԱԺ շենքում՝ սպառնալիքներ ժայթքելով պատգամավորների հասցեին։

Խորհրդարանի զավթումը Փաշինյանի հերթական քայլն էր դեպի բացարձակ իշխանություն։ Հիշո՞ւմ եք նրա այն արտահայտությունը, որ եթե ինքը վարչապետ չդառնա, Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի լինի։ Հետո նա շանտաժով նախաձեռնեց խորհրդարանի լուծարումը և արտահերթ ընտրությունների անցկացումը դեկտեմբերի 9-ին, որոնց գլխավոր նպատակը հանրապետականներին խորհրդարան չթողնելն էր։ Գրոհին զուգահեռ՝ վարչախմբի պարագլուխը նախաձեռնեց Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնանկ անելուն ուղղված հարձակումը, իսկ նրա թիմակից Վահե Գրիգորյանն ընդհանրապես ՍԴ նախագահ նշանակեց սեփական սիրելի անձը երկրի գլխավոր ամբիոնից։ Վերցրեց ու նշանակեց։

Հետո ՍԴ դատավորի պաշտոնում նա ամիսներ շարունակ բոյկոտելու էր իր սահմանադրական պարտականությունները և բարձր աշխատավարձ էր ստանալու դրա համար։ Երբ Կապանում տեղի ունեցած ասուլիսում Փաշինյանին հարցրեցին, թե ինչու է ՍԴ դատավորը խախտում Սահմանադրության այն հոդվածը, որը դատավորներին արգելում է զբաղվել քաղաքական գործունեությամբ (բոյկոտ), Փաշինյանն ի պատասխան ստեց, թե այդ մասին ոչինչ չգիտի…

Վերադառնանք գրոհին՝ հիշեցնելու համար, թե ինչպես այդ նույն օրը ԱԺ շենքի մոտ Նիկոլը պաշտոնանկ արեց կառավարության անդամներին, որոնց պատվիրակել էին ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները։ Այդպես ռեժիմի պարագլուխը «երախտագիտություն հայտնեց» խմբակցություններին՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելիս իր օգտին տված ձայների համար։ Փաշինյանը նպատակաուղղված շարժվում էր դեպի իր նպատակը (բացարձակ իշխանությունը), և խորհրդարանի զավթումը դեպի մենիշխանություն տանող փուլաշրջաններից մեկն էր։

Եվրոպական դեսպանատները, որոնք նախկին իշխանության օրոք բուռն կերպով արձագանքում էին «իրավապաշտպան» Գասպարիի կողմից ասֆալտի վրա հորիզոնական դիրքի ընդունման յուրաքանչյուր դեպքին, բերանները ջուր էին առել՝ հետևելով խորհրդարանի գրոհին։ Դատարանների շրջափակման թեժ պահին դիվանագիտական առաքելությունները վախվորած ինչ-որ բան մրմնջացին, ինչ-որ բան դատապարտեցին, ինչ-որ կոչ արեցին, բայց լոկ շշուկով…

Անձնական օգտագործման խորհրդարան

Խորհրդարանական կառավարման պայմաններում Հայաստանում հաստատվել է բացարձակ մենիշխանություն։ 1995թ. ընտրություններից հետո հայտնվեց «կոճակ սեղմող ագրեսիվ մեծամասնություն» բնորոշումը, այնուհետ Հայաստանի խորհրդարանն անվանում էին «կառավարության բոլոր որոշումների դակիչ», թեև բոլոր նախագահների օրոք եղել է իշխանության գործադիր և օրենսդիր թևերի դիմակայություն։

Օրենսդիր իշխանությունը բոլոր ժամանակներում վերահսկել է խորհրդարանը, Տեր-Պետրոսյանի օրոք եղել է դեպք, երբ խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն։ Ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, այլև մեծամասնության ներկայացուցիչները ամենասուր հարցեր են ուղղել նախարարներին և քննադատել կառավարությանը, համարվել է, որ այդպես էլ պետք է լինի։ Հիշեցնեմ, բանն այնտեղ է հասել, որ իշխող կոալիցիայի կազմում ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն իրենց ընդդիմություն են հայտարարել կառավարությանը։

Այսօր խորհրդարանական մեծամասնությունը զրկված է քննադատելու որևէ իրավունքից, ուսապարկերն իսկապես իրենց պահում են անձնական օգտագործման անշունչ իրերի պես։ Երկրում, ըստ էության, չկա խորհրդարան, այն դադարեց գոյություն ունենալ 4 տարի առաջ հոկտեմբերի 2-ին։ ԱԺ-ի այսօրվա մասնակի լուծարումը (միակուսակցական պատգամավորական կորպուս) այն գրոհի և 2 արտահերթ ընտրարշավների հետևանքն է։

Խորհրդարանի գրոհին հաջորդած իրադարձության հիշատակումը բնավ պատահական չէր։ Նրանք, ովքեր արձագանքել էին 2018թ. հոկտեմբերի 2-ի երեկոյան ԱԺ-ի դիմաց հավաքվելու Փաշինյանի կոչին, 2019թ.մայիսի 20-ի առավոտյան արդեն չեկան դատարանների շենքերի մոտ: Զանգվածային արձագանքի այս տարբերությունն արձանագրել են շատերը: Հետաքրքիր է, քանի՞ մարդ այսօր հոժարակամ դուրս կգա փողոց Նիկոլի կոչով։