Շոյգուն ներկայացրել է ռուսական և ուկրաինական բանակների մարդկային կորուստները և զորակոչիկների թիվը
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի կորուստները կազմել են 5937 մարդ։ Այս մասին այսօր «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Իսկ ուկրաինական կողմի զոհերն ու վիրավորները, ըստ Շոյգուի, շուրջ 100 000 են։
«Սկզբնական փուլում Ուկրաինայի զինված ուժերը կազմում էին 201-202 հազար մարդ, այս ընթացքում նրանց կորուստները գերազանցել են 100 հազարը։ Նրանցից 61 207–ը զոհվել է, 49 368–ը` վիրավորվել։ Բանակի գրեթե կեսը կորսված է»,- ասել է Շոյգուն։
ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքի ընթացքում կզորակոչվեն 300 000 պահեստազորայիններ,- ասել է Սերգեյ Շոյգուն։
Նա նաև հայտարարել է, որ ուսանողներին զորակոչելու մասին ոչ մի խոսք չկա, իսկ ժամկետային զինծառայողները հատուկ գործողություններին չեն մասնակցի։
«Ռուսաստանն ունի մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս, գրեթե 25 մլն մարդ։ Դրանց 1%-ից մի փոքր ավելին է ներգրավվելու մասնակի զորակոչին»,- ասել է Շոյգուն։
ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ զորակոչված պահեստազորը նախ վերապատրաստում կանցնի, որից հետո նոր կուղևորվի առաջադրանքներ կատարելու։ Նրա խոսքով` պահեստազորայիններն առաջին հերթին կգնան վերահսկելու արդեն իսկ գրավված տարածքները շփման գծից այն կողմ։
«Շփման գիծը, որն այս պահին շուրջ 1000 կմ երկարությամբ է, կարող եք անվանել առաջնագիծ։ Հետևաբար այն, ինչ դրա հետևում է, պետք է ապահովվի, այդ տարածքները պետք է վերահսկվեն։ Զորահավաքն առաջին հերթին հենց այդ նպատակով է կատարվում»,- ասել է Շոյգուն։
Sputnik Արմենիա