Տեղի է ունեցել ռուս զինվորականների փոխանակումը 215 ուկրաինացի ռազմագերու հետ, այդ թվում՝ «Ազով»-ի հրամանատարների
Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին, ինչպես նաև հիսունից ավելի ռուս զինծառայողների։ Մոսկվան, իր հերթին, Կիևին է հանձնել ավելի քան 200 ուկրաինացի ռազմագերիների, այդ թվում՝ Մարիուպոլի Ազովստալ գործարանը պաշտպանող զինվորներին և հրամանատարներին։
Ուկրաինայի իշխանությունները հաստատել են փոխանակումն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հեռարձակման ժամանակ։
«Մեր պաշտպանները տուն են վերադառնում,- մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակված հեռարձակումից մի հատված։- Որովհետև մեզ համար «մենք մերոնց չենք թողնում» արտահայտությունը օրենք է, այլ ոչ թե պարզապես բառեր»։
Իր հերթին Ռուսաստանը հանձնել է 215 ուկրաինացի զինծառայողի, այդ թվում՝ 124 սպայի։ Ազատ արձակվածների մոտ կեսը մասնակցել է Ազովստալի պաշտպանությանը, որոնց թվում են «Ազով»-ի հրամանատարներ Դենիս Պրոկոպենկոն և Սվյատոսլավ Պալամարը, ինչպես նաև «Ազով»-ի մարտիկ Դմիտրի Կոզացկին, ով հայտնի է դարձել գործարանի պաշտպանների իր լուսանկարներով։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Ազովի հրամանատարների ազատ արձակումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ։ Կողմերը պայմանավորվել են, որ ազատ արձակվածները կմնան Թուրքիայում մինչև պատերազմի ավարտը։
Ազատ արձակումը կայացել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի միջնորդությամբ, հայտնել են Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ից։
News.am