ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել ջանքերը. Էնթոնի Բլինկենը` Փաշինյանին

ԱՄՆ պատրաստակամ է շարունակել ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային ու խաղաղ գործընթացի ուղղությամբ` կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի»,–նշված է հաղորդագրության մեջ

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները:

ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես Նյու Յորք է մեկնել` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Նախատեսվում են 30–ից ավել հանդիպումներ գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, դրանց մի մասն արդեն կայացել է։

Sputnik Արմենիա