Հրազդանում մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը

Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում այսօր տեղի է ունեցել ամենամյա հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը: Համաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Համաժողովը տեղի է ունենում հիբրիդային ձևաչափով. ռուսական կողմը մասնակցում է հեռավար:

Համաժողովը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդ առաջնորդների (շուրջ 100 մասնակից) համար։

Բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գրիգորի Գուրովը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաև Հայաստանում «Ռուսական գրքի տուն» կազմակերպության հիմնադիր Մհեր Ավետիսյանը։ Փոխանցվել է նաև Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքը:

Միջոցառումը վարել է Ռուսական տեխնոլոգիական համալսարանի (МИРЭА) պրոռեկտոր Գրիգորի Պետուշկովը:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ հայ-ռուսական հոգևոր-մշակութային դարավոր կապերի զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև տարբեր ձևաչափերով համագործակցությունը երիտասարդության ոլորտում: Նա մասնավորապես ԱՊՀ և ներկայում նաև ԵԱՏՄ շրջանակներում ակտիվացող փոխգործակցության կողքին կարևորել է երկկողմ ձևաչափով հայ-ռուսական փոխգործակցությունները:

Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գրիգորի Գուրովը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում ռուսական կողմը հետաքրքրված է հայկական փորձով, և իրենք նաև պատրաստակամ են կիսվել իրենց փորձով և զարգացնել հետագա համագործակցությունը: Իրենց հերթին երկու երկրների դիվանագիտական կառույցներից հնչել են հայ-ռուսական երիտասարդական ֆորումի կարևորությունն ընդգծող ելույթներ։

Համաժողովի բացման արարողությունից հետո տեղի են ունեցել երիտասարդների հետ թեմատիկ քննարկումներ հետևյալ առանցքային թեմաներով՝ «Երիտասարդական ակտիվ գործունեությունը մարզերում և բուհերում», «Ոչ ֆորմալ կրթություն և նորարարություն», «Կամավորական աշխատանք»:

Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև մասնակիցների այց մշակութային վայրեր:

Sputnik Արմենիա