Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԵԶ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԻ, ԻՍԿ ՄԵՆՔ ԿԿՈՐՑՆԵՆՔ ՍՅՈՒՆԻՔԸ

ԱՄՆ-ում Հայաստանի իշխանությունների հանդիպումները ոչինչ չտվեցին, թեև, թերևս, գեղեցիկ խոսքեր կասեն, գեղեցիկ խոստումներ կտան, կխոսեն ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, կարող են անգամ մարդասիրական օգնություն խոստանալ։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

Նա հորդորեց պատասխանել հարցին՝ պատրա՞ստ է արդյոք Արևմուտքը երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը։

«Ես այս հարցի պատասխանը չեմ լսել Արևմուտքից։ Ռազմական օգնության կամ ֆինանսական օգնության մասին ոչինչ չի ասվում, որը մեզ թույլ կտա զենք ձեռք բերել»,- ընդգծեց փորձագետը։

Խաչիկյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի իշխող ուժը, լինելով անփորձ ու միամիտ, կարող է գեղեցիկ խոսքերին հավատալ ու մեծ սխալներ թույլ տալ, և, ինչպես միշտ, սահմանի մեր 20-ամյա տղաներն են վճարելու դրա գինը։

Նրա խոսքով, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում սկսվել է ամենամեծ պատերազմը, բացահայտ խոսվում է միջուկային զենքի կիրառման սպառնալիքի մասին, ինչը չկար անգամ Կարիբյան ճգնաժամի ժամանակ։ Աշխարհը բաժանված է երկու մասի, մահացու պատերազմ է Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև։

«Հետևաբար հարց է առաջանում, դեպի Արևմուտք կատարած ուղևորություննեով, ի՞նչ ազդանշաններ են ուղարկում Հայաստանի իշխանությունները դեպի Ռուսաստան։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դժգոհությունը հասկանալի է, սակայն այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Մենք պատրա՞ստ ենք թշնամանքի Ռուսաստանի Դաշնության հետ. Մոսկվան շատ հեշտությամբ կարող է մեզ պատժել սրա համար՝ կես քայլ հետ գնալով և թուրքերին թույլ տալով գրավել Սյունիքը։

Հայ հասարակության մի մասի գլխում այն ​​միտքն է, որ վաղը պատրաստ են մեզ ընդունել ՆԱՏՕ-ի կազմում:

Եթե ​​Արևմուտքը պատրաստ է աջակցել և պաշտպանել մեզ իր դաշնակիցը հանդիսացող Թուրքիայից, ապա ես պատրաստ եմ ընդունել, որ սխալ էի։ Սակայն դա տեղի չի ունենա, նրանք նույնիսկ պատժամիջոցներ չեն կիրառել Թուրքիայի նկատմամբ»,- ասաց Խաչիկյանը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով դատապարտում է էթնիկ զտումները և խոսում մարդու իրավունքների մասին, մեկնել է Բաքու և բացահայտ ասել, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է։

«Արևմուտքը պատրաստ է մեզ խաբել գեղեցիկ խոսքերով, փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, և այդ ժամանակ մեզ ռուսները կպատժեն։ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ կարող են խաղալ նույն խաղը, ինչ խաղում են Արևմուտքի հետ։ Բայց մենք նրանց առաջարկելու բան չունենք»,- եզրափակեց նա։

News.am