Գրիգորյանը Վաշինգտոնում խոսել է Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները, տեղեկանում ենք ԱԽ գրասենյակից։

Գրիգորյանը հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, «Քարնեգի» հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ:

«Մատնանշել եմ, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը: Այս ամենին զուգահեռ ընդգծել եմ Երևանի հաստատակամությունը ժողովրդավարության ուղով ընթանալու հարցում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:

Հանդիպմանը քննարկել են նաև հայ-ամերիկյան համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ինչպիսին է տնտեսական համագործակցությունը:

Sputnik Արմենիա