Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՀԱՅԵՐԸ ՇՈԿԻ ՄԵՋ ԿԸՆԿՆԵՆ՝ ԻՄԱՆԱԼՈՎ ԻՐԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Հայկական հասարակությունը շոկի մեջ կընկնի, եթե իմանա, թե ինչ առաջարկներ է արել Իրանը 44-օրյա պատերազմի ժամանակ, որոնցից հրաժարվել է Փաշինյանը։ Այդ առաջարկներն ընդունելը կարող էր փոխել պատերազմի էությունն ու արդյունքները։ Հարց է ծագում. ինչո՞ւ է հրաժարվել։ Այս մասին սեպտեմբերի 27-ի քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Երկու տարի առաջ սկսված պատերազմը, նրա գնահատմամբ, դեռ չի ավարտվել։

Արցախը նա անվանել է կարևորագույն աշխարհաքաղաքական հաբ։ Այստեղի գործընթացներից են կախված աշխարհաքաղաքական փոփոխություններն Արևելքից մինչև Արևմուտք, այդ թվում՝ հաղորդակցությունների մասով։

Դանիելյանը նշել է, որ 2020թ. պատերազմի կողմ էին, ուղղված նաև Իրանի դեմ, Թուրքիան, Իսրայելը, Բրիտանիան՝ հիշեցնելով, որ Բոլթոնը դեռևս 2018թ. Հայաստան կատարած այցի ժամանակ դրել էր իրանական սահմանը փակելու հարցը։

Փորձագետը պատահական չի համարել այն, որ Իրանի իշխանություններն այսօրվա գործողությունները Հայաստանի դեմ ընկալում են որպես պատերազմ ԻԻՀ-ի դեմ։

«Բոլթոնը 2018թ. Հայաստան կատարած այցի ժամանակ հայերին կոչ էր արել ազատվել կարծրատիպերից և տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը հետաքրքրվում է Թուրքիայի հանդեպ Հայաստանի և հայերի վերաբերմունքով։ Այսինքն՝ դա նրանց համար կարևոր է։ Բոլթոնը նշել էր գինը, որը պետք է վճարեր ներկայիս իշխող վարչակարգը՝ Հայաստանում իշխանության գալուն աջակցելու համար։ Դա էր իշխանափոխության պայմանը 2018թ.»,- ավելացրել է նա։

Այսօր աշխարհի բոլոր երկրները գոյության պայքար են մղում։ Այդ պայքաը վարում է նաև Ադրբեջանը, որին, քաղաքագետի պնդմամբ, սպառնում է լուրջ վտանգ Իրանի և պոտենցիալ առումով՝ Ռուսաստանի կողմից։

«Ադրբեջանը ստեղծել է իրական սպառնալիքներ Իրանի մասնատման համար, իսկ պետությունը, որը կանգնած է այդպիսի սպառնալիքի առջև, պատրաստ է ամեն բանի։

Երրորդ ուժերը կարող են պատերազմ սանձազերծել Իրանի և Ադրբեջանի միջև՝ հակառակ այդ երկու երկրների իշխանությունների ցանկության։ Նպատակը կարող է դառնալ ագրեսիայի մեղադրանքն Իրանի հասցեին, որպեսզի հարված հասցվի տարբեր տեխնոլոգիաների օգնությամբ։ Իրանն, իր հերթին, ունի ազդեցության լծակներ Մերձավոր Արևելքի գործընթացների վրա։

Բացի այդ, Ադրբեջանը տարածում է թյուրքական գաղափարախոսությունը նաև Ռուսաստանի տարածքում, որն այդ սպառնալիքները հասկանում է։

Սպառնալիքի տակ է նաև ծավալապաշտական քաղաքականություն վարող Թուրքիան։ Նրա գլխավոր սպառնալիքը քրդերն են։ Տնտեսական ճգնաժամի հետևանքով կարող է սպառնալիքի առջև կանգնել նաև ԱՄՆ-ը»,- ընդգծել է Դանիելյանը։

Փորձագետը նշել է, որ պատերազմը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև վարվում է ոչ միայն Ուկրաինայում, այլև մեր տարածաշրջանում՝ Ռուսաստանի վարքագիծն անվանելով հասկանալի՝ սեփական շահերից ելնելով։

«2020թ. Ռուսաստանը պատրաստվում էր պատերազմի Ուկրաինայի դեմ, և նրան պետք էր պատրաստվել, այդ թվում Թուրքիայի հետ հարաբերությունների գծով»,- ասել է նա։

Եթե այստեղ պատերազմ սկսվի՝ տարածաշրջանային որևէ տերության մասնակցությամբ, ապա դրան կմիանան նաև այլ երկրներ։ «Պատերազմն այստեղ շատ ավելի արյունահեղ կլինի, քան Ուկրաինայում։ Ուստի անգամ Փաշինյանի հնչեցրած 29,8 հազար քառակուսի կիլոմետր թվերը՝ որպես Հայաստանի տարածք, կարող են կասկածի տակ դրվել։

Ինչևէ, Հայաստանը չպետք է ստորագրի որևէ փաստաթղթի տակ, ինչպես արել է Ադրբեջանը 30 տարի։ Հայաստանը պետք է համբերի ընդամենը մի քանի ամիս»,- ամփոփել է Դանիելյանը։

News.am