ՓՐԿԵԼ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Ի՞նչ նկատի ուներ Տեր-Պետրոսյանը։ Եթե հակիրճ, ապա Հ1-ի եթերում նրա ճառը կարելի է ամփոփել հետևյալ կերպ. ինքը՝ Տեր-Պետրոսյանը, առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Կաթողիկոսին սատարել Նիկոլին, որպեսզի նա հնարավորինս շուտ ստորագրի խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ։ Իսկ սատարել, ըստ առաջին նախագահի, պետք է անպայման, և դրանով իսկ կիսել պատասխանատվությունը Նիկոլի հետ, քանի որ եթե դա չարվի, ապա Նիկոլը, այդ պատուհասը, ինչպես ժամանակին բնորոշել է նրան հենց ինքը՝ Տեր-Պետրոսյանը, երկիրը կհասցնի է՛լ ավելի մեծ աղետի։

Ահա Հայաստանի եվ Արցախի նախկին ղեկավարների այսպիսի շանտաժում։ Կա՛մ դուք աջակցում եք Նիկոլին, կա՛մ մեզ բոլորիս սպասվում է ավելի մեծ աղետ։ Իսկ չէ՞ որ դուք սիրում եք հայրենիքը, ուրեմն կիսեք պատասխանատվությունը այդ արարածի հետ։

Ինչո՞ւմ է Տեր-Պետրոսյանը իրավացի, ինչում՝ ոչ։ Նա ասում է, թե մենք կես տարի ժամանակ ունենք։ Չունենք մենք կես տարի: Ունենք երկու ամսից էլ պակաս:

Այդ ի՞նչ սպասվող աղետի մասին է խոսում ԼՏՊ-ն, եթե «չկիսեն պատասխանատվությունը Նիկոլի հետ»։ Խոսքն այն մասին է, որ եթե ամեն ինչ թողնեն Փաշինյանի վրա, նա կշարունակի ստել բոլորին. Մոսկվայում կասի, թե համաձայն է կարգավորման ռուսական ծրագրին, Բրյուսելում կհավաստիացնի, թե կողմ է նրանց ծրագրին, իրանցիներին կհայտարարի, որ ինքն ընդհանրապես ոչ մի բանի համաձայն չէ... Եվ արդյունքում բանը կհասցնի նրան, որ բոլորը թքած կունենան իր խոսքերի վրա, և Հայաստանը կվերածվի Սիրիայի։ Որի տարածքում, ինչպես գիտենք, կան սիրիական ռազմական ստորաբաժանումներ, կան ռուսական ռազմական ստորաբաժանումներ, կան թուրքական ռազմական ստորաբաժանումներ, իրանական կամ իրանամետ ռազմական ստորաբաժանումներ, քրդական ռազմական ստորաբաժանումներ... Եվ էլի բազմաթիվ այլ զինված կազմավորումներ:

Ինչո՞վ ենք մենք տարբերվում Սիրիայից։ Հայկական և ռուսական ռազմական կառույցները երկրում եղել են գործնականում անկախությունից պահից ի վեր։ Հիմա արդեն հայտնվել են ադրբեջանականները։ Թուրքականներն էլ պատրաստ են մտնել։ Իրանականները նույնպես պատրաստվում են։ Նիկոլը Փարիզում հրավիրում է արևմտյաններին։ Իսկ եթե հաշվի առնենք երկու քրդերի հետ կապված վերջին տարօրինակ պատմությունը, որոնց Թուրքիային արտահանձնելու համար ՔԱԿ-ը մեղադրում է Երևանին, ապա ստացվում է, որ քրդերը նույնպես ուշադիր հետևում են Հայաստանում տիրող իրավիճակին…

Ստացվում է, թե ԼՏՊ-ն իրավացի՞ է, և ՀՀ-ի ու Արցախի նախկին առաջնորդները պետք է շտապ վազեն Նիկոլի մոտ ու աղաչեն-պաղատեն. «Օ՜, մեր պատուհաս գլխավոր հրամանատար, մենք պատրաստ ենք քեզ հետ կիսել պատասխանատվությունը բոլոր այն արհավիրքների համար, որոնք բերել ես մեր երկրի գլխին, ուրեմն ստորագրիր արդեն ինչ-որ բան, քանի դեռ երկիրը գոյություն ունի...»։

Շանտաժի ծանոթ սցենար է, այնպես չէ՞։ ԼՏՊ-ն առաջարկում է միայն մեկ այլընտրանք։ Ինչպես 1997-ին. կա՛մ համաձայնում ենք փուլային կարգավորմանը, այսինքն Ադրբեջանին տարածքներ հանձնելուն՝ առանց Արցախի կարգավիճակի որոշման, կա՛մ «Սերգո ջանը վատ է ապրելու»։

Պարզվեց, սակայն, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Քանզի հաջորդ 20 տարիները ցույց տվեցին, որ կարելի է չհանձնել Արցախը և ընդ որում հետևողականորեն բարելավել «Սերգոյի» կյանքը։ Բայց 2018-ին եկավ Նիկոլը։ Թե ինչպես և ինչու՝ այլ խոսակցություն է։

Եվ ահա հիմա ԼՏՊ-ն կրկին առաջարկում է միայն մեկ այլընտրանք՝ կա՛մ աղետ, կա՛մ միավորվենք ու սատարենք Նիկոլին, պահենք «գլխավոր հրամանատարի» թիկունքը, որպեսզի չվախենա ստորագրել։ Ահա թե ինչ է առաջարկում ԼՏՊ-ն նախկին նախագահներին ու Կաթողիկոսին և հնչեցնում իր գաղափարներն ի լուր հանրության. իբր՝ ահա ամենափոքր կորուստների ծրագիրը, հիմա թող որոշեն «նախկինները»։

Միայն թե ինչո՞ւ միավորվել հանձնելու համար, եթե կարելի է հակառակը՝ միավորել ջանքերը դիմադրելու համար։ Ինչո՞ւ ԼՏՊ-ն չի առաջարկում քննարկել միավորման այլ տարբերակ. Հայաստանի և Արցախի նախկին առաջնորդների ու հոգևոր հովվի անունից առաջարկել Նիկոլին իր խորհրդարանով անցկացնել Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծման որոշում, որն իր վրա կվերցնի երկրի կառավարումը առաջիկա կես տարով՝ լիազորությունների ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ։ ՊՊԿ՝ նույն անձանց կազմով, գումարած Նիկոլը, հերն էլ անիծած, գումարած ՀՅԴ-ի՝ խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը։ ՊՊԿ, որը ժողովրդին կառաջարկի միավորման գաղափարը՝ հանուն դիմադրության, այլ ոչ թե միավորման՝ հանուն կապիտուլյացիայի։

Մամուլում շրջանառվում է խաղաղության պայմանագրի երկու տարբերակ։ Մեկը, որն անվանում են ռուսական, հետևյալն է. Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծումը թողնել հետագային, Ադրբեջան-Նախիջևան տարանցման համար Բաքուն տուրք կվճարի Երևանին, իսկ անվտանգությունը, համաձայն 9.11.2020 թ.եռակողմ հայտարարության, կապահովեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերը։

Երկրորդ տարբերակը, որը կոչվում է բրյուսելյան, ենթադրում է Երևանի համաձայնություն, թե Արցախը Ադրբեջանի ներքին գործն է։ Եվ առաջարկում Երևանի վերահսկողության պահպանում Հայաստանի ողջ տարածքի, այդ թվում՝ Նախիջևանն ու Ադրբեջանը կապող ճանապարհի նկատմամբ, կրկին իսկ ռուս սահմանապահների մասնակցությամբ։

Ալիևն ուզում է թե՛ մեկը, թե՛ մյուսը, թե՛ ավելին. և՛ Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս, և՛ արտատարածքային միջանցքը։

Նիկոլը Փարիզում կոչ է արել Բաքվին բանակցություններ սկսել Արցախի հետ, այդ կերպ ընդունելով, թե դա Ադրբեջանի ներքին գործն է։ Այսինքն Նիկոլը հակված է «բրյուսելյան» տարբերակին, եթե իրեն երաշխավորում են վերահսկողությունը Հայաստանի տարածքի նկատմամբ։ Նիկոլը պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, Մակրոնը դրա համար գովել է նրան ու աջակցություն խոստացել։ Նիկոլը պատրաստ է հանձնել Արցախը, շատ լավ հասկանալով, որ Անկարայից ու Բաքվից որևէ իրական երաշխիք ընդ որում չի ստանա, ինչը հենց ինքը վերջերս ընդունեց խորհրդարանում...