Հույն պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական էջից։

«Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Հյուրերը եղան Հիշողությոն պուրակում, որտեղ ջրեցին տարբեր ժամանակներում հունական պատվիրակությունների կողմից տնկված արծաթափայլ եղևնիները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։

Հույն պատգամավորները ծանոթացել են սեպտեմբերի 14-ին բացված «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը:

Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին նվիրել է 1913-1922թթ. ամերիկյան մամուլում հրատարակված` Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության մասին հոդվածների ժողովածու (The Genocide of the Ottoman Greeks. Reports from the USA Press 1913-1922), 1922 թ. բազմաթիվ հույների և հայերի կյանք փրկած ճապոնական Տոկեի Մարու նավի մասին գիրք և Զմյուռնիայի աղետի 100-րդ տարելիցի կապակցությամբ թողարկված փոստային բացիկ:

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Նա արդեն հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Մրրզոյանի հետ։

Սպասվում է նաև Դենդիասի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Sputnik Արմենիա