Պեսկով․ Թուրքիայի բանկերը ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ են

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Թուրքիայի բանկերը ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ են, նրանց սպառնում են երկրորդային պատժամիջոցներով, իրավիճակը բարդ է։

«Հասկանալի է, որ բանկերն ու տնտեսագետները գտնվում են ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ, նրանց սպառնում են բանկային համակարգի համար երկրորդային պատժամիջոցներով, և հասկանալի է, որ այդ որոշումն ընդունվել է աննախադեպ ճնշման ներքո»,- նշել է Պեսկովը:

Նրա խոսքով` պետք է համատեղ ուղիներ փնտրել այդ ճնշմանը հակազդելու համար այնպես, որ առնվազն վնաս չհասցվի երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, հարմարավետ պայմաններից չզրկվեն այն միլիոնավոր ռուս զբոսաշրջիկները, որոնք ամեն տարի այցելում են Թուրքիա:

Հիշեցնենք` թուրքական «Իշբանկն» ու «Դենիզբանկը» հայտնել են, որ դադարեցրել են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը` նշելով, որ որոշումը կապված է ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուտով կարող է որոշում ընդունել երկրում ռուսական «Միր» քարտերի հետագա օգտագործման մասին։

Sputnik Արմենիա