Փաշինյանն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են միջազգային դիտորդական առաքելության այցը ՀՀ

Այժմ ապրում ենք աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներ, ուստի անհրաժեշտ է երկկողմ սերտ և արդյունավետ փոխհարաբերությունների պահպանումը։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով գտնվել է Ֆրանսիայում, ինչը երկկողմ առանձնահատուկ հարաբերությունների վկայությունն է:

«Փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը, իսկ միջխորհրդարանական սերտ շփումները էական նշանակություն են ունենում կառավարությունների միջև համագործակցության վրա»,- ասել է վարչապետը:

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը և նշել, որ այցի շրջանակում մանրամասն տեղեկատվություն են ստացել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերաբերյալ:

«Ուշադրությամբ հետևել ենք Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ սեպտեմբերի 26-ի հայտարարություններին և կարևորել, որ ֆրանսիական կողմը հասցեական նշել է ագրեսիան կիրառած կողմին»,- նշել է նա:

Վարչապետն անդրադարձել է Էմանուել Մակրոնի հետ քննարկումներին և շեշտել Ֆրանսիայի առանցքային դերը՝ Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի, ինչը կօգնի, որպեսզի միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա:

Sputnik Արմենիա