Արման ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՀԱՊԿ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՕՐԱԿԱՐԳՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ Է

«Հայաստանում վերջին շրջանում կրկին ակտիվ քննարկումներ են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության շուրջ։ Այս ամենը կապված է հայ-ադրբեջանական սահմանին վերջերս սրված իրավիճակի հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի նախագահ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, տարածվող տեղեկատվական հոսքերը հաճախ ուղեկցվում են մանիպուլյացիաներով, ինչի հետևանքով էլ գեներացվում են հակառուսական տրամադրություններ։

«Ասում են, Ռուսաստանը ոչ մի կերպ չարձագանքեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրմանը։ Նույնիսկ երբ Հռոմի պապը հայտարարեց, որ հենց Ռուսաստանն է առանցքային դեր խաղացել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների կասեցման գործում, շատերը շարունակեցին իրենց ապակառուցողական հռետորաբանությունը։ Ակնհայտ է, որ արտաքին արևմտյան ուժերը ակտիվորեն աջակցում են Հայաստանի ներսում այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք դեմ են հայ-ռուսական հարաբերություններին և ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությանը»,-ասել է նա։

Ղուկասյանի կարծիքով, այդ ուժերի կողմից արհեստական օրակարգ է ձևավորվում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ, սակայն հասարակական մակարդակով նման քննարկումներ չկան։

«Ակտիվորեն տարածվում է միակողմանի տեղեկատվություն ոչ միայն արևմտամետ ալիքներով, այլև պաշտոնական իշխանամետ ռեսուրսների կողմից։ Բացի այդ, սեպտեմբերի 17-ին և 18-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի Հայաստան կատարած այցի կապակցությամբ անցկացվել են երախտագիտության ակցիաներ, իբր ամերիկացիներն են դադարեցրել ռազմական գործողությունները։ Տեղի են ունեցել ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով ակցիաներ, որոնց մասնակցել են նաև «Տապան» նախագծի ներկայացուցիչները, որը ֆինանսավորվում է ռուս գործարար Միխայիլ Խոդորկովսկու կողմից»,-մանրամասնել է ակումբի նախագահը՝ հիշեցնելով, որ Փելոսիի այցը նախատեսված էր Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումից շատ առաջ, այցը որևէ կերպ պայմանավորված չէր էսկալացիայով, ինչպես ներկայացրեցին ոմանք։

Ղուկասյանի համոզմամբ, ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Հայաստանի բարեկեցությունն ու անվտանգությունն է, այլ տարածաշրջանից ռուսական շահերի դուրս մղումը։

«Փելոսին Երևանում հայտարարեց, որ եթե հայերը դժգոհ են ՀԱՊԿ-ից, ապա պետք է ընտրություն կատարեն, այսինքն՝ դուրս գան ՀԱՊԿ-ից, թե ոչ, ինչը կոռեկտ չէ։ Շատ արևմտամետներ չեն խոսում այն մասին, որ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում արդեն ունի դաշնակից ի դեմս Թուրքիայի, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Ինչպե՞ս է ԱՄՆ-ն զինելու Հայաստանին իր դաշնակցի դեմ, ինչպես է ԱՄՆ-ն տեղակայելու ՆԱՏՕ-ի բազաները Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի փոխարեն։ Գյումրիում այսօր 102-րդ ռուսական ռազմաբազան է, իսկ Ղարաբաղում իրենց առաքելությունն իրականացնում են ռուս խաղաղապահները։ Հայաստանը չմտածված գործողությունների արդյունքում կարող է կրկին դեմ առ դեմ հայտնվել թուրքական սպառնալիքին»,-նշել է նա՝ ավելացնելով, որ Թուրքիան անմիջապես կօգտվի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու Հայաստանի «անհեռատես որոշումից»։

Ղուկասյանի խոսքով, Հայաստանում արևմտամետ շրջանակների հովանավորներն ուզում են տպավորություն ստեղծել, որ երկրում ակտիվորեն աճում են հակառուսական տրամադրությունները, սակայն այդպես չէ։

«Քիչ քաղաքացիներ են հավատում, որ Արևմուտքը կարող է Ռուսաստանի այլընտրանքը դառնալ Հայաստանի համար, նրանք սթափ են գնահատում իրավիճակը։ Հայաստանում հակառուսական քարոզչության իրական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, բայց դրանից կտուժի միայն Հայաստանը»,- կարծում է Արման Ղուկասյանը։

Panorama.am