Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհրդի ղեկավարի առանձնազրույցը։ Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։
Քառակողմ պաշտոնական այս հանդիպումից առաջ, սակայն, Ալիևն ու Փաշինյանը արդեն իսկ որոշակի շփումներ էին ունեցել, թուրքական պատվիրակությունը, մասնավորապես, սոցիալական ցանցերում կադրեր է տարածել, որտեղ երևում է՝ ինչպես են Ալիևն ու Փաշինյանը զրուցում, սեղանի շուրջ են նաև Թուրքիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը, ինչ-որ փուլում նրանց է միանում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Այս զրույցներից, ինչպես նաև պաշտոնական բանակցություններից մանրամասներ դեռ չեն հաղորդվում, սակայն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հաջողվել է հարց ուղղել Ադրբեջանի նախագահին՝ ինչպե՞ս է նա արձագանքում Ղարաբաղի հետ ուղիղ բանակցություններ սկսելու Փաշինյանի առաջարկին։ Իլհամ Ալիևը, որ մինչ այդ արդեն խոսել էր Հայաստանի վարչապետի հետ, կրկին ասել է, որ իր դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։
Գագաթնաժողովի վայր՝ Չեխիայի նախագահական նստավայր, ժամանելուց առաջ Ադրբեջանի նախագահն արդեն իսկ երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։
Այս հանդիպումից հետո առաջին անգամ պաշտոնապես կհանդիպեն նաև Թուրքիայի ու Հայաստանի ղեկավարները։
Azatutyun.am