Պաշտպան․ Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրանց պաշտպան Աբգար Պողոսյանը։

«Նրանց կալանքի հիմքը նոր հանցանք կատարելու ռիսկն էր, դատարանը գտել է, որ այդ ռիսկը նվազել է և իմ միջնորդությունը բավարարվել է»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբգար Պողոսյանը և հավելեց, որ երիտասարդները ժամեր անց կլինեն ազատության մեջ։

Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը կալանավորված էին 2022 թվականի մայիսից։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թ մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետևող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի՝ Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտիրոսյանին, Տարոն Մանուկյանին, Հոսիեկ Սարկիսյանին, Գոռ Մաթևոսյանին, Գևորգ Մուրադյանին և Վելիխան Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այս գործով անցնող մյուս հինգ դաշնակցական երիտասարդներին ազատ էին արձակվել ավելի վաղ։