ԱՐՑԱԽԸ ԹՈՒՐՔ «ԿՈՄԱՆԴՈՍՆԵՐԻՆ» ԵՆ ՏԱԼԻՍ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

Ընդամենը 4 ոչ լրիվ օր է անցել կիրակի օրվանից, երբ համացանցում սկսեցին տարածվել ադրբեջանցի ոճրագործների կողմից 18-20 տարեկան հայ նորակոչիկների գնդակահարության զարհուրելի կադրերը։ Երկուշաբթի և երեքշաբթի Հայաստանի դե ֆակտո իշխանություններն ու նրանց միջազգային գործընկերները նետվեցին իրար հերթ չտալով դատապարտելու այդ սարսափելի հանցագործությունը և պահանջելու հետաքննել և պատժել մեղավորներին։ Կարծես թե արդար զայրույթով բռնված արտաքին դերակատարներն այդուհանդերձ չէին կորցնում «ողջամտությունը» և, «մարդասիրության» պոռթկումների արանքում, բնականաբար, չէին մոռանում սեփական շահերի մասին, մի տեսակ իբր աննկատ, բայց անփոփոխ կերպով հանցավոր հավասարեցում պահպանելով կողմերի միջև։

Բանը հասավ Նիկոլի եվ նրա «հատուկ հանձնարարություններով դեսպան» Մարուքյանի մասնակցությամբ լավ խաղացված ներկայացմանը։ Այդ երկուսը պաթետիկորեն կոչ արեցին աշխարհին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար, իսկ դեսպանը հաջորդ օրը նույնիսկ համարձակվեց դիմել ԵՄ հատուկ ներկայացուցչին՝ «հանցագործի և զոհի միջև հավասարության նշան չդնելու» կոչով։

Դա նորմալ կլիներ և տեղին կդիտվեր, եթե չլիներ այն աներևակայելի ցինիզմն ու երեսպաշտությունը, որով ներծծված են Փաշինյանի ու իր ոհմակի քաղաքականությունն ու անխտիր բոլոր գործողությունները։ Քանզի հայ զինվորներին անխնա և ցուցադրաբար գնդակահարել են Հայաստանի Հանրապետության բռնազավթված տարածքում, իսկ «դատապարտելու և պատժելու» պահանջներ հնչում են նրանց շուրթերից, ովքեր գրեթե մեկուկես տարի հանգիստ նայում են բռնազավթմանն ու անում ամեն ինչ, որպեսզի թշնամու զավթած տարածքը լոկ ընդարձակվի։

Եվ նաև այն պատճառով, որ սպանության ակնհայտ ցուցադրականությունն ու տեսագրության հրապարակումը ուղղված էին երկրի բնակչությանը վախ ներշնչելուն և խուճապ սերմանելուն։ Եվ դրանով իսկ համոզելու նրան, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ համաձայնել Ադրբեջանի բոլոր պահանջներին՝ խորամուխ չլինելով հայկական պետականությանը սպառնացող այն հսկայական վտանգների մեջ, որոնցով հղի է Բաքվի պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Որպես արդյունք՝ սարսափելի կադրերի հրապարակումից ընդամենը 3 օր անց Փաշինյանը ԱԺ ամբիոնից բարձրաձայնում է պայմանագիրը ստորագրելու մտադրության մասին և վստահություն հայտնում, թե իբր՝ «խորհրդարանական մեծամասնությունն ու ժողովուրդը» կաջակցեն իրեն այդ հարցում։ Դե, ուսապարկերի աջակցության վերաբերյալ ոչ ոք չի էլ կասկածում…

Հայաստանի իշխանությունների հայտարարություններին առանձնակի ցինիզմ էր հաղորդում ևս մեկ հանգամանք. դրանցում մի բառ անգամ չկար Արցախի մասին։ Փաշինյանի, Մարուքյանի, Միրզոյանի, Գրիգորյանի և այլոց մտքով անգամ չանցավ դիմել միջազգային հանրությանը այն հարցով, թե այս ո՞ւմ եք ուզում տալ Արցախն ու նրա ժողովրդին. նրանց, ովքեր այսպիսի ոճիրնե՞ր են գործում։ Որ արցախահայերի հետ վարվեն ճիշտ այնպես, ինչպես հաշվեհարդար տեսան հայ զինվորների հետ հենց միայն այս տեսանյութում, չենք խոսում արդեն բազմաթիվ այլ ապացույցների մասին։ Իսկ հետո հայտարարեն, թե դա բացառապես Ադրբեջանի ներքին գո՞րծն է, և արցախցիներին պատժել են «ռուսներին աջակցելու» համար։ Ինչ-որ շատ չե՞ն նմանությունները Արևմտյան Հայաստանում 1915-ին ծավալված իրադարձությունների հետ։

Այս ամենի մասին հեղափոխական թորվածքի «հպարտ հայրենասերները», իհարկե, լռում են։ Քանզի առաջին հերթին հենց նրանք, այլ ոչ թե միջազգային հանրությունն է հրում Արցախը մարդակերների երախը, հենց նրանք են անում ամեն ինչ, որպեսզի նոր ցեղասպանություն ապահովեն և՛ Արցախի, և՛ Հայաստանի տարածքում։ Շատ լավ իմանալով, որ ցեղասպանություն կարելի է իրականացնել ոչ միայն մշտական ու անպատիժ սպանություններով և հայկական գենոֆոնդի փաստացի ոչնչացմամբ. նրանով, ինչ արվում է վերջին առնվազն երկու տարիներին։

Ցեղասպանություն կարող է իրականացվել նաև լարվածության մշտական սրման և երկրի ներսում հոգեբանական տեռորի մթնոլորտի ստեղծման միջոցով, որոնք ստիպում են մարդկանց լքել այն։ Կամ արհեստականորեն բորբոքվող ներազգային գզվռտոցով, որը հանգեցնում է ոչ թե արտաքին թշնամու, այլ հայրենակցի հանդեպ ատելության։ Ինչպես նաև բացարձակ բարդակով ու անվերահսկելիությամբ, ինչը խթանում է հանցավորությունն ու սանձարձակ կամայականությունները։ Նաև խոսակցություններով՝ սահմանի վրա ամեն տեսակի միջազգային դիտորդների մասին. նրանց, ովքեր շտապում են վերահսկողություն հաստատել տարածաշրջանի նկատմամբ և պատրաստ են հանուն դրա զոհաբերել Արցախն ու Հայաստանը։

Հենց դրա համար էլ ներքին թշնամիները թողնում են մեր Հայրենիքն անպաշտպան, անզոր ու անօգնական՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական առումով։ Հենց դրան են ուղղված չորսուկես տարի երկիրը բռնազավթած թուրքական խունտայի բոլոր ջանքերը։ Եվ հենց դա է պատճառը, որ սարսափելի կադրերի հրապարակումից հետո երրորդ օրն արդեն գործնականում դադարեցին խոսել այդ մասին, և սկսեցին թե՛ ներսից, թե արտաքին դաշտում լարել իրավիճակը՝ ամեն կերպ արագացնելով «խաղաղության պայմանագրի ստորագրումը» և Արցախի հանձնումը թուրքերին։

Եվ հենց այդ ժամանակ Ալիևը հանկարծ «մարդասիրություն» դրսևորեց ու վերադարձրեց բռնի պահվող 80 (առնվազն) հայ գերիներից 17-ին, և բոլորը միանգամից ուրախացան ու նոր եռանդով ձեռնամուխ եղան «խաղաղ օրակարգի» իրագործմանը։ Նրանց հետ, ովքեր դահիճների՝ «կոմանդոսների» հատուկ ջոկատներ են ստեղծում հայերի նկատմամբ առանձնակի գազանաբարո հաշվեհարդարների համար։ Այդ «կոմանդոսների» խնդրի կատարումն առավելագույնս հեշտացնելու նպատակով։

Գործնականում ամենօրյա գնդակոծումներ սահմանին, ընտանեկան թերթի կողմից հրապարակվող ամեն տեսակի սարսափազդու ասեկոսեներ «հավաստի աղբյուրից», Պրահայում հանդիպում ոչ միայն Էրդողանի, այլև, պարզվում է, Ալիևի հետ... Առանձին քաղաքագետների հաղորդագրություններ սոցցանցերում, որ պայմանագիրը Փաշինյանն արդեն ստորագրել է, և նախադրյալների ստեղծում՝ ոչ միայն ուսապարկային մեծամասնության, այլև ՍԴ-ի կողմից դրա անվերապահ վավերացման համար, իշխանության դիրքերի շտապ ամրապնդում ԲԴԽ-ում և այլն, և այդպես շարունակ…

Ո՞ւր և ինչո՞ւ են այդպես շտապում Նիկոլն ու Բաքվում, Անկարայում, Բրյուսելում, Վաշինգտոնում նստած իր տերերը։ Ինչո՞ւ է սեղանին առկա երկու տարբերակներից, եթե հավատանք ամեն տեսակի արտահոսքերին ու տարբեր աղբյուրների հավաստիացումներին, ընտրվում այն, որը նախատեսում է Արցախի անվերապահ հանձնում թուրքերին։ Ինչո՞ւ հանրային ու փորձագիտական քննարկումներ չեն անցկացվում հայոց պետականության կարևորագույն հարցի շուրջ. ո՞ւր է խոստացված, բայց վաղուց մոռացված «ագորան»։ Եթե Փաշինյանն այդքան վստահ է իշխանության կողմից կատարվող ոճրագործությանը ժողովրդի աջակցության հարցում, ապա ինչո՞ւ հանրաքվե չի անցկացնում։

Վերջապես, եթե իշխանությունները տեսնում են Հայաստանի համար այն հսկայական վտանգներն ու սպառնալիքները, որոնց մասին իրենք ստիպված խոսում են համաշխարհային հարթակներում, եթե համոզված են, որ չեն կարող կանխել դրանք և եռանդագին օգնության են կանչում միջազգային դիտորդներին, ապա ինչո՞ւ չեն հեռանում հանուն երկրի, հանուն գոնե իրենց նշած 29.800 քառ. կմ տարածքի։ Ինչո՞ւ իշխանությունը չեն զիջում նրանց, ովքեր գուցե կարողանան փրկել իրավիճակը և սկզբի համար նվազագույնի հասցնել ամենաարդիական ռիսկերը։

Պատասխանը պարզ է և բոլորի համար արդեն վաղուց ակնհայտ. որովհետև նրանք հենց այդ ուղղությամբ են աշխատել չորսուկես տարի, ամեն ջանք գործադրելով այսօրվա իրավիճակը ստեղծելու համար: Եվ հասել են իրենց ուզածին՝ միջազգային հանրություն կոչեցյալի բացարձակ աջակցությամբ, որը եռանդագին մղում է հայ ժողովրդին դեպի նոր ցեղասպանություն։ Ներքին և արտաքին թշնամիների ինչպիսի՜ ապշեցուցիչ, հիրավի աննախադեպ համախմբում՝ պատմականորեն հանցավոր հակահայկական նպատակներին հասնելու գործում: Եվ ինչպիսի՜ ապշեցուցիչ համերաշխություն նրանում, որ բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում անցում կատարեն ռազմական հանցագործության «ցասումնալի դատապարտումից» դեպի և՛ համանման, և՛ շատ ավելի սարսափելի հանցագործությունների անխուսափելի կրկնության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման գործընթացի արագացում

...Եթե ճանապարհը չի տանում դեպի տաճար, այն անպայման տանում է Բարուն և Աստծուն հակադիր ուղղությամբ։ Ըստ երևույթին, մենք այնքան ենք շեղվել արդար ճանապարհից, որ չենք նկատում, որ հլու-հնազանդ գնում ենք սպանդանոց, նույնիսկ առանց դիմադրելու: Բայց դեռ ժամանակ կա, չնայած բոլոր նրանց ջանքերին, ովքեր անհամբեր ձգտում են վերջնականապես անէության անդունդ հրել հայ ժողովրդին և հայոց պետականությունը։