Բերդում հաղթած թեկնածու. Որոշում եմ կայացրել հրաժարվել ավագանու իմ մանդատից

Տավուշի մարզի Բերդ քաղաքում սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթանակ տարած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը հրաժարվել է ավագանու մանդատից։

«Սիրելի' հայրենակիցներ,

Օրեր առաջ մենք միասին հաղթեցինք մեր համայնքում և հերթական անգամ ապացուցեցինք, որ թասիբով ու պատվով ժողովուրդ ենք:

Այսօր ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից:

Այդ որոշումը վերաբերում է միայն մանդատին, այլ ոչ երբեք այն պարտականություններին և պարտավորություններին, որոնք ես ստանձնել եմ ձեր առաջ և խոսք եմ տվել իրականացնել:

«Զորավոր Համայնք» դաշինքը ձեր վստահությամբ և աջակցությամբ հաղթանակ է տարել և իրականացնելու է տրված խոստումները:

Համայնքի բարեկեցությունը, զարգացումը, ապահովությունն ու անվտանգությունն ինձ համար վեր են ցանկացած տեսակի անձնական շահից և պաշտոնից:

Ես շարունակելու եմ ապրել ու աշխատել հանուն մեր համայնքի:

Ես մեր դաշինքի մի մասն եմ, շարունակում եմ մնալ ձեզանից յուրաքանչյուրի կողքին կանգնած և յուրաքանչյուրիդ հոգսով ապրող:

Սիրով՝ ձեր Հարություն Մանուչարյան»,-ասված է դաշինքի ֆեյսբուքյան էջում։

Տավուշի մարզի Բերդ համայնքում հաղթանակ է8 տարել «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 5 685 քվե, ՔՊ-ն ստացել է 4 298 քվե, «Արժանապատիվ սերունդ»-ը՝ 1 097 քվե։

Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցակացված ՏԻՄ համամասնական ընտրություններին հետևած զարգացումները Վեդի, Փարաքար, Վարդենիս, Վանաձոր համայնքներում՝ Փաշինյանի ղեկավարած ուժը չի հաշտվելու ընտրություններում տարած պարտության հետ, գործադրելու է ամեն միջոց, ճնշում այդ համայնքներում իշխանության հասնելու համար։