Էբրահիմ Ազիզի․ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը
Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ Այս մասին Թեհրանում Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Էբրահիմ Ազիզին, գրում է Mehr-ը։
Նա նշել է, որ Իրանն ու Հայաստանը երկկողմ հարաբերություններն ամրապնդելու մեծ հնարավորություններ ու ներուժ ունեն։ Նրա խոսքով, Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը մտահոգում է Իրանի պաշտոնյաներին։ «Իրանը երկու հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, որպեսզի բացառվի ուժի և հարկադրանքի կիրառումը՝ տարաձայնությունները հարթելու համար, բանակցությունները պետք է լինեն հիմնարար անհրաժեշտություն՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման համար»,- ասել է Ազիզին։ Ընդգծելով, որ տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն՝ նա ընդգծել է, որ խնդիրը լուծելու պատրվակով չպետք է թույլ տալ ոչ տարածաշրջանային երկրներին տարածաշրջան մտնել։
Պապոյանը նշել է, որ Հայաստանն Իրանը դիտարկում է որպես շատ հզոր ու կարևոր երկիր տարածաշրջանում, և ոչ տարածաշրջանային երկրները չեն կարող արատավորել երկու երկրների բարեկամական ու վաղեմի կապերը։
News.am