Պուտինը ոչ կոռեկտ է համարում Մակրոնի հայտարարությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ կոռեկտ և անընդունելի է համարել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին:

 

Ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստում ՝ Պուտինը հայտարարել է, որ զարմանքով կարդացել է Ֆրանսիայի նախագահի որոշ մտքեր, որոնք հնչել են Պրահայի հանդիպման արդյունքներով:

ՌԴ նախագահը կարծում է, որ այդ խոսքերում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ընկալումը, բացակայում է կողմերի դիրքորոշման մասին տեղեկատվությունը:

«...Այդ պատճառով էլ դրանք հնչել են ոչ կոռեկտ կամ խեղաթյուրված, ուստի անընդունելի են»,- նշել է ՌԴ նախագահը:

Նա ենթադրել է, որ հնարավորություն կլինի հարցը քննարկել անձամբ Ֆրանսիայի նախագահի հետ։

Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում ՝ կապված Ղարաբաղի հետ։

«Իհարկե մենք ողջունում ենք որևէ մեկի միջնորդական ջանքերը, կարևորը, որ դրանք նպաստեն իրավիճակի հանդարտեցմանը, լինեն չկարգավորված հակասությունների և հակամարտությունների բոլոր մասնակիցների օգտին»,–ասել է Պուտինը:

Sputnik Արմենիա