Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ․ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՌԴ-ԻՆ, ՔԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐԸ, ԵՎ Ո՛Չ ԵՐԵՎԱՆԸ, Ո՛Չ ԲԱՔՈՒՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԴԱ ՓՈԽԵԼ

Ղարաբաղի հայերը ավելի շատ են վստահում Ռուսաստանին, քան մնացած բոլորը, և ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն չեն կարող դա փոխել։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան, ՌԴ դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող Վլադիմիր Կազիմիրովը։

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն աներևակայելի բարդ ստացվեց։ «Մասամբ նա արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Նրա մնացած մասը դեռևս գտնվում է Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ։ Դեռ այնքան էլ պարզ չէ, թե հետագայում ինչպես կզարգանա նրա ճակատագիրը։ Բայց Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմավորվել է գրեթե միանշանակ՝ ճնշող մեծամասնությունը հայեր են։ Սա պետք է հաշվի առնեն բոլոր նրանք, ովքեր հրամանատար կլինեն։ Փաշինյանի կառավարության ծրագրերն այս առնչությամբ ինձ համար լիովին պարզ չեն, չգիտեմ, թե որքանով են ճիշտ այն վարկածները, որ դուք ներկայացրել եք։ Ես միայն գիտեմ, որ ղարաբաղցիներն ավելի շատ են վստահում Ռուսաստանին, քան մնացած բոլորը։ Եվ դա չեն կարող փոխել ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն։ Եկեք սպասենք հնգամյա ժամկետի լրանալուն»,- ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ն ռիսկեր, որ Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում՝ հաշվի առնելով Երևանի հայտարարությունները, որ Արցախի հարցը կարող է չհիշատակվել խաղաղության պայմանագրում։

News.am