Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում իսրայելական հետախուզության 10 գործակալի են ձերբակալել

Իրանի անվտանգության ուժերն Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում ձերբակալել են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ կապված 10 գործակալի։ Տեղեկությունը հայտնում է Fars գործակալությունը։

«Այդ մարդիկ ուղիղ առցանց տեսակապ են պահպանել «Մոսադի» սպաների հետ ու գործել են Իրանի Արևմտյան Ադրբեջան, Թեհրան ու Հորմոզգան նահանգներում», - նշված է գործակալության հաղորդագրության մեջ:

Fars-ը նշում է, որ ձերբակալվածների գլխավոր խնդիրն Իրանի հետախուզության աշխատակիցների բացահայտումն էր, որոնք գործում են Արևմտյան Ադրբեջան նահանգում Իսրայելի դեմ պայքարի ոլորտում:

Գործակալության տվյալներով՝ իսրայելցի գործակալները հրկիզել են Իրանի ուժային կառույցների հետ կապված որոշ անձանց մեքենաներն ու տները, գումար են ստացել դրանք լուսանկարելու ու «Մոսադի» աշխատակիցներին լուսանկարներ ուղարկելու համար: Fars-ը պնդում է, որ իրենք նաև փորձել են ֆիզիկապես վերացնել և սպանել Իրանի անվտանգության և հետախուզության ուժերի որոշ աշխատակիցներին:

Sputnik Արմենիա