ԵՐԿՐՈՐԴ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻՑ 5 ՐՈՊԵ ԱՌԱՋ

«Խրախճանք՝ ցեղասպանության նախօրեին»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ Հանրային հեռուստաընկերությունը ցույց է տալիս, թե ինչպես են գործում հյուրանոցային համալիրները Ջերմուկ քաղաքում, մինչդեռ բնակչությունը լքում է իր տները, իսկ քաղաքի մատույցներում զինված պահակետեր են տեղադրված:

Մինչ նախկին համամիութենական առողջարանը կամաց-կամաց անցնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, Երևանն ընդունում է Շեքսպիրյան միջազգային փառատոնի 250 հյուրերի՝ աշխարհի ամենատարբեր ծայրերից: Մայրաքաղաքն ապրում է մշակութային հագեցած կյանքով. համերգներ, թատերական պրեմիերաներ, փառատոններ, Երևանի երկնքում գույնզգույն օդապարիկներ են պտտվում, երեկոյան սրճարաններում և ռեստորաններում ասեղ գցելու տեղ չկա, իշխանության կողմից վերահսկվող հեռուստաալիքներով ամեն օր պտտում են ժողովրդին բթացնող տեղական արտադրության սերիալներ՝ հնդկական-բրազիլական ձևաններով։

Ռեժիմի կապիտուլյանտական քաղաքականության դեմ բողոքի ակցիաների փոխարեն առաջին պլան մղվեցին ուսանողական հուզումները Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտին և Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին Վ.Բրյուսովի անվան համալսարանի միացման առնչությամբ: Ուսանողները վրդովված են, որ ընդունվել են Բրյուսովի անվան համալսարան, իսկ իրենց ստիպում են շարունակել ուսումն ու ստանալ մեկ այլ բուհի դիպլոմ։ «Իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, որոնք ծնվել են ազատագրված Արցախում, սովորել, չափահաս դարձել, ընտանիք կազմել, զավակներ ծնել, իսկ հիմա նրանց ասում են, թե այսուհետ իրենք Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ինչո՞ւ ոչ ոք չի մտածում այդ մասին, ինչո՞ւ այդ փաստը ոչ մեկին չի զայրացնում»,- հարց է տալիս հեռուստալրագրող Սևակ Հակոբյանը։

Ռեժիմի քարոզչամեքենան անում է ամեն հնարավորը, որպեսզի շեղի քաղաքացիների ուշադրությունը Արցախի ապագայի և Հայաստանի անվտանգության հետ կապված հարցերից։ Սա հիշեցնում է այն իրավիճակը, որ ստեղծվել էր նախքան Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայի սկսվելը... Հայաստանը բռնազավթած ադրբեջանական ստորաբաժանումներն ամեն գիշեր գնդակոծում են հայկական դիրքերը, իսկ Երևանում մարդիկ ապրում են այնպես, ասես զավթիչները կենդանի թիրախների վրա կրակում են ոչ թե Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց ձորում, այլ հարևան Վրաստանում ինչ-որ տեղ…

«Դիմադրություն» շարժման համակարգողներից մեկը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը օրերս բացատրեց խորհրդարանական ընդդիմության պասիվությունը «մասշտաբային գործընթացի նախապատրաստմամբ»։ Նրա խոսքերով՝ ներկայիս արտակարգ իրավիճակում «իշխանափոխությունը պետք է կայծակնային գործընթացի բնույթ կրի. 72 ժամ՝ 50 հազար մարդու առկայությամբ Արցախի փողոցներում, և 100 հազար մարդու՝ Հայաստանի փողոցներում»: «Քամուց արյան հոտ է գալիս»,- արձանագրեց Սաղաթելյանը՝ վկայակոչելով սահմանի վրա տիրող իրավիճակը և նոր ագրեսիա ձեռնարկելու Ալիևի պատրաստակամությունը, իսկ Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ընթացող իրադարձությունների նկատմամբ ժողովրդի անտարբերությունը պատգամավորը բնութագրեց որպես «խրախճանք՝ ցեղասպանության նախօրեին»։

Այնտեղ՝ «փալաս», այստեղ՝ բռնապետ

Մեկնաբանելով քաղաքականացված հայ հանրության արձագանքը Պրահայում և Աստանայում բանակցությունների ընթացքում Փաշինյանի պահվածքին՝ Սաղաթելյանը լոկ մասամբ համաձայնեց այն կարծիքին, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն իրեն պահում է «փալասի» պես։ Նրա գնահատմամբ, Փաշինյանն իրեն «փալասի» պես է պահում միջազգային հարթակներում և բանակցությունների ընթացքում, երբ պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ երբ նրան պետք է իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը երկրի ներսում, այդժամ նա ամենևին էլ «փալաս» չէ, այլ բռնապետ։ Սաղաթելյանը մատնանշեց, որ Փաշինյանին հաջողվել է փոխել ՍԴ կազմը, իր մարդուն նշանակել գլխավոր դատախազի պաշտոնում և իրենով անել ԿԸՀ-ն։

Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ անհարմար են զգացել՝ դիտելով Փաշինյանի պահվածքը Պրահայում և Աստանայում ընթացող բանակցություններում։ Կապիտուլյանտի անհեթեթ կերպարանքը կտրուկ աչքի էր զարնվում այլ երկրների առաջնորդների խորապատկերին, Փաշինյանը նման էր շնակապիկի, այլ ոչ թե պետության ղեկավարի։ Երբ Աստանայում նա թղթից կարդում էր իր ելույթը, տեսախցիկը հերթով արձանագրում էր ներկաների դեմքերը, որոնց վրա կարելի էր հեգնանք ու արհամարհանք տեսնել. այլ հույզերի Փաշինյանն արժանի չէ։ Միայն գործնական քաղաքականության ոլորտի գաճաճը կարող էր իրեն թույլ տալ հրապարակային շահարկումներ՝ Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների չկատարման թեմայով։ Նման հարցերը չեն լուծվում բաց տեքստով, բայց որտեղի՞ց պիտի այդ մասին իմանա գաճաճը, որը մեծ քաղաքականություն է մտել դեղին թերթից։

Փաշինյանի անձի նկատմամբ հավաքական Արևմուտքի մեծ հետաքրքրությունը պայմանավորված է լոկ նրանով, որ կապիտուլյանտը հրապարակավ «մերկացրեց» Ռուսաստանին, ասելով, թե նա ի վիճակի չէ ապահովել իր ռազմավարական գործընկերների անվտանգությունը։ Նա հասկացնել տվեց, թե Մոսկվայի վրա այլևս պետք չէ որևէ հույս դնել և ապավինել նրա գործընկերությանը։ Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը խոսեց սեպտեմբերի 13-ի ագրեսիայի դադարեցման գործում Ռուսաստանի դերի մասին։ Միգուցե Ադրբեջանի նախագահն այդպես չի մտածում, բայց այդպես է ասում, որովհետև, ի տարբերություն Նիկոլի, ծանոթ է դիվանագիտության տարրական նորմերին։

Հիշեցնեմ, որ ռեժիմի քարոզչամեքենան մշտապես պնդում է, թե այդ ագրեսիան կասեցրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Արևմտյան շրջանակների բացահայտ հրահրումով Նիկոլի խաչակրաց արշավանքն ընդդեմ Մոսկվայի թանկ կնստի հայ ժողովրդի վրա, եթե նա մոտ ժամանակներս չփոխի գլխավոր բանակցողին։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, գտնվելով Երևանում, համեմատեց Հայաստանը Ուկրաինայի և Տայվանի հետ։ Փաշինյանն աճուրդի է հանել երկիրը և այժմ նախապատրաստում է ժողովրդին նոր կապիտուլյացիայի։ Այն հարցին, թե ինչու ժողովուրդը չի զարթնում, երբ ռեժիմի պարագլուխը նրան տանում է սպանդի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեր թերթին տված հարցազրույցում պատասխանեց, որ ընդդիմությունը լավ չի արթնացնում քնած ժողովրդին։ Սաղաթելյանը, իր հերթին, հայտարարեց, որ բողոքի նոր ալիք նախապատրաստելու համար ընդդիմադիր գործիչները պետք է ավելի հաճախ խոսեն ժողովրդի հետ, բացատրեն մարդկանց ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները և այն վտանգները, որոնք կապված են Բաքվի ու Անկարայի սցենարով բանակցությունների շարունակման հետ:

Աննախադեպ ճնշման տակ

Ավաղ, այդ վտանգները քաղաքացիներին բացատրելու ընդդիմության ջանքերին պատասխան արձագանքը հանգում է երկու հիմնական թեզերի։ Թեզ առաջին. «Այդ ամենը ընդդիմությունն ասում է միայն իշխանությունը վերցնելու համար»։ Թեզ երկրորդ. «Ընդդիմությունը սպասում է, որ Նիկոլն ամեն ինչ ստորագրի ու հանձնի, որպեսզի իր համար հեշտացնի իշխանության գալը»։ Այն փաստը, որ Նիկոլը հանձնել է Արցախն Ադրբեջանին և պատրաստվում է նույնը անել Սյունիքի հետ, հուզում է միայն մտածող հանրությանը, որը մեծ հույսեր էր կապում Կաթողիկոսի հովանու ներքո Հայաստանի և Արցախի նախկին ու ներկա նախագահների հանդիպման հետ։

Ավաղ, առաջին հանդիպմանը հաջորդեց տևական դադար, որը շատ արագ փոխարկվեց այն համոզմունքի, թե ձևաչափը վախճանվեց: Մտածող հանրության մեջ քիչ չեն նրանք, ովքեր չեն հավատում (կամ չեն ուզում հավատալ), որ երկրորդ և երրորդ նախագահներին ցանկության դեպքում չէր հաջողվի հասնել ռեժիմի պարագլխի հրաժարականին։ Հաճախ է վիճակվում լսել, այդ թվում նաև «Գոլոս»-ի ընթերցողներից, թե իբր՝ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իսկապես ցանկանային վերջ տալ Նիկոլի ռեժիմին, ապա նրանք կկարողանային այդ ցանկությունն իրագործել։

Միանգամայն բացատրելի, բայց ակնհայտ սխալ մոտեցում: Մարդիկ հավատում են, որ պետության նախկին առաջնորդները շատ բան են ի վիճակի անել, բայց նրանք մոռանում են այն մասին, ինչը մենք բազմիցս մատնանշել ենք մեր հրապարակումներում, այն է՝ երբեք, ոչ մի նախագահի օրոք ընդդիմությունը չի եղել այնպիսի ճնշման տակ, ինչպիսին այսօր է։ Ընդդիմադիր գործիչներն աննախադեպ ճնշման տակ են, ռեժիմի պարագլուխը լայնածավալ քաղաքական բռնաճնշումներ է իրականացնում, օրերս դաժան ծեծի է ենթարկվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, ձերբակալվել, ապա ազատ է արձակվել քաղաքական աղմկահարույց դատավարություններով հայտնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Այսօր դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները երկրորդ կապիտուլյացիայից 5 րոպե առաջ, բայց որ երկիրը կանգնած է երկրորդ մեծ ցնցման շեմին, կասկածից վեր է, ուստի ռեժիմի պարագլուխը փորձում է առաջ տալ իր խաղը բռնաճնշումների խստացման միջոցով։ Այս իրավիճակում իր վճռորոշ խոսքը պետք է ասի ժողովուրդը