ՀՀ ՔՐ.ՕՐ.-Ի 421 ՀՈԴՎԱԾ. ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՒՍԱՎԱՐՈՒՄԸ՝ ԲԵՐԱՆՆԵՐ ՓԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածում (տարածքային ամբողջականության խախտում): Փոփոխություններով նախատեսվում է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարման կամ դրա մասնակի սահմանափակման կոչերը կամ գործողությունները: «Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»,- ճշտել է նախարարությունը՝ նշելով, թե նախագծի նպատակը անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է, հաղորդում է Sputnik Արմենիան: Այս հանցագործության համար Արդարադատության նախարարությունն առաջարկում է պատիժ սահմանել 12-ից 15 տարի ժամկետով ազատազրկումը։

ԼՍԵՔ, ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱՑԵՔ, ՄՏԱՄՈՒԽ ԵՂԵՔ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ՍԱ: Գեղեցիկ է հնչում, իրոք որ, հո չի կարելի քամուն տալ ինքնիշխանությունը, իսկ նման քայքայիչ գործունեությամբ զբաղվող անձինք իսկապես արժանի են ամենախիստ պատժի։ Ճիշտ է, եթե այդպես է, ապա հայրենի Արդարադատության նախարարության առաջարկած հոդվածի տակ առաջին հերթին պետք է ընկնեն կառավարող իշխանությունն ու նրա ֆունկցիոներները, որոնք, ըստ էության, Հայաստանի ինքնիշխանության խախտում են թույլ տվել դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանցի զինվորականները ներխուժեցին ՀՀ տարածք և դիրքավորվեցին այստեղ, ասես իրենց տանը։ Նույնը տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերի 13-ին։ Չենք խոսում արդեն հայկական տեղանունների պարագայում բանավոր մանիպուլյացիայի մասին՝ հօգուտ թշնամու, ինչն արդեն սովորական է դարձել փաշինյանական իշխանության շուրթերից։ Ուրեմն ինչի՞ մասին է Արդարադատության նախարարության առաջարկը, եթե հաշվի առնենք, որ աշխարհում ոչ մի իշխանություն չի ընդունի օրենքներ, որոնցով կզարկի ինքն իր գլխին և ինքն իրեն բանտ կնստեցնի։

Հիշենք, որ այս տարվա մարտին ինքնիշխանությունից հրաժարման կամ մասնակի սահմանափակման կոչերը կամ գործողությունները քրեականացնելու վերոնշյալ առաջարկով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահին և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին դիմել էին մի խումբ հասարակական գործիչներ: Պատճառաբանելով իրենց նախաձեռնությունը իբր «Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու նպատակահարմարության մասին ՀՀ մի շարք քաղաքական գործիչների վերջին շրջանում հաճախակի դարձած հրապարակային հայտարարություններով», լրատվամիջոցներում այդ հայտարարությունների տարածմամբ և «այդ ուղղությամբ դրական հասարակական կարծիք ձևավորելու» ջանքերով։ Այնուհետ հաջորդում էր պասաժն այն մասին, որ «գոյություն, անվտանգություն, բարեկեցություն և երջանկություն կարող է ապահովել միայն Հայաստանի անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական և սոցիալական հանրապետությունը», և ապա՝ կոչն իշխանությանը. «շտապ կարգով քննարկել և օրենսդրորեն ամրագրել քրեական պատասխանատվությունը ինքնիշխանության անփոփոխ դրույթների չեղարկման հրապարակային կոչերի համար...»:

Շրջանցենք այն փաստը, որ հենց նրանք, ում ուղղված էր կոչը, իրենց «հեղափոխական» կառավարման 4 տարիների ընթացքում գործնականում ոչնչացրել են պետական կառավարման համակարգը, բանակը, թշնամուն թույլ տվել մտնել ՀՀ տարածք, կարողացել հասցնել երկիրն ինքնիշխանության ու պետականության կորստի շեմին։ Եվ ուշադրություն դարձնենք, թե ովքեր են հայրենի Արդարադատության նախարարության շուտափույթ արձագանքին արժանացած այդ սրտաճմլիկ օպուսի հեղինակներն ու ստորագրողները։

Լևոն Բարսեղյան, Արթուր Սաքունց, Լարիսա Մինասյան, Դանիել Իոննիսյան, Ստեփան Գրիգորյան և այլք. մի խոսքով՝ սորոսական ողջ շքախումբը, որի գործունեության առանցքային ուղղություններից մեկը հակառուսական քարոզչությունն է։

Մեջբերում «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի 2017թ. տված բնորոշումից. «Սորոսի հիմնադրամից գումար ստացող սորոսական գրանտակերների գործունեության ուղղություններից մեկը հակառուսական, հակաեվրասիական քարոզչությունն է և Հայաստանում անկայունության օջախների ստեղծումը, ինչով ակտիվորեն զբաղվում են, օրինակ, «Ասպարեզ» լրագրողների ակումբը՝ Լևոն Բարսեղյանի գլխավորությամբ (ստացել է 611370 դոլար), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և դրա ղեկավար Արթուր Սաքունցը (ստացել է 699662 դոլար)... Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է նաև, այսպես կոչված, ռազմաքաղաքական վերլուծաբանությունը, Ռուսաստանն իբրև ոչ բարեկամ և հաճախ նույնիսկ թշնամի, իսկ ԵԱՏՄ-ն՝ ապագա չունեցող կառույց ներկայացնելը։ Նպատակն ակնհայտ է. սեպ խրել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության արանքում»։

Այսինքն սեպը վաղուց էին խրում, բայց այսօր «աստղերը» մեկտեղվել են, քանզի պարզ է, որ Արդարադատության նախարարության ներկայիս առաջարկն առաջին հերթին ուղղված է հայ-ռուսական վեկտորին։ Հայաստանի ինքնիշխանության կորստի շեմին և իշխանության բացարձակ անօգնականության պայմաններում մի շարք հայ քաղաքական, հասարակական գործիչներ իսկապես կոչ են արել և շարունակում են կոչ անել կանխել բացասական սցենարները Ռուսաստանի հետ ավելի սերտ դաշինք կնքելով՝ միութենական պետության թեմային անդրադարձով։

Հենց սա է հիմնական թիրախը. եթե «քրեականացման» մասին փոփոխությունները կատարվեն, ապա յուրաքանչյուրին, ով կհամարձակվի ծպտուն հանել Ռուսաստանի հետ դաշինքի մասին, կսպառնա 12-15 տարի ազատազրկում։ Կարելի է առարկել. չէ՞ որ նույնը վերաբերում է նաև արևմտամետներին։ Բայց եկեք սթափ դատենք. նույնիսկ ամենաբթամիտ արևմտամետը հասկանում է, որ Հայաստանի միավորումը, ասենք, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հետ, ֆանտաստիկայի ոլորտից է։

Ի դեպ, հետաքրքիր նրբերանգ, որը մտորելու տեղիք է տալիս: «Սորոսականների» ակտիվությանը և տեսանելի ապագայում ՀՀ արդարադատության նախարարության վերոնշյալ առաջարկի իրավական ամրագրմանը զուգահեռ (կարելի է չկասկածել, որ Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի լրացումները կընդունվեն) տեղի են ունենում տեղեկատվական դաշտին վերաբերող շատ հետաքրքիր գործընթացներ։

«Արևմուտքը, որն ամեն անկյունում ճղավում է «Հայաստանում ռուսական քարոզչության վտանգների» մասին, որոշել է Հայաստանի լրատվական ոլորտում ներդնել 15 միլիոն դոլար՝ ի լրումն առկա ներարկումների,- «ԳԱ»-ի հետ զրույցում ասաց «Հանուն հայկական ապագայի» հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Սահակյանը: - Թե ինչ է մեզ պես փոքրիկ երկրի համար 15 միլիոն դոլարը, կարծում եմ, բացատրելու հարկ չկա։

Հայաստանի տարածքում Արևմուտքի եվ Ռուսաստանի միջեվ տեղեկատվական պատերազմում վճռական ճակատամարտը շատ շուտով կավարտվի, այն կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմամբ: Այնուհետ Արևմուտքին կմնա միայն մաքրել ռուսական հետքը Հայաստանում՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերմամբ, պետական կառույցներում «ուսում է առել Ռուսաստանում» հատկանիշով զտումների անցկացմամբ, ցանկացած ռուսամետ ուղղության վարկաբեկմամբ՝ «Կրեմլի գործակալներ» սոուսով, և հայ հասարակության գիտակցության մեջ վերջնական ամրագրումով, թե Ռուսաստանը թշնամի երկիր է, ինչպես դա արվել Է Վրաստանում, Ուկրաինայում, ինչպես արվում է Մոլդովայում, Ղազախստանում և այլ երկրներում։ Եվ էլի մի հետաքրքիր նրբություն. այսօր Եվրամիությունը 300 հազար դոլար է հատկացնում Ադրբեջանի ռազմական ագրեսիայից տուժածներին օգնելու համար։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին նույն ԵՄ-ն ադրբեջանասիրության քարոզչության համար Eurasia Partnership հիմնադրամին հատկացրել է 1.8 միլիոն եվրո։ Ահա այսպիսի գերակայություններ...»:

Այսպիսով, ինչի՞ մասին են լինելու ՀՀ Քր.օր.-ի 421-րդ հոդվածի լրացումները, բացի գեղեցիկ հնչող բառերից: Այն մասին, որ հակառուսական ուղեգծի առաջմղման և ահաբեկչական երկու պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի առջև Հայաստանին մեն-մենակ թողնելու հետևանքները (առնվազն այս փուլում) հասկացող և նման սցենարի դեմ բողոքելու փորձ անող մարդկանց բերանը միանգամից կփակեն բանտախուց նետելու հեռանկարով։ 15 տարին երկար ժամկետ է: