ՊԱՌԱԿՏՈՒՄ ԵՎ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱԳԱ». ԱՌԱՆՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ, ՓՈԽԱՐԵՆԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբերի 29-ին Երևանում մեկնարկում է մի միջոցառում, որը վերամբարձորեն կոչել են «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»: Թե ինչու «գագաթնաժողով», անհասկանալի է, քանզի այդպես ընդունված է անվանել պետությունների առաջին դեմքերի հանդիպումը։ Ամենայն հավանականությամբ, միջոցառման կազմակերպիչ Զարեհ Սինանյանի գրասենյակում չգիտեն տարբերությունը «գագաթնաժողով» և «համաժողով» բառերի միջև։ Ինչը, սակայն, զարմանալի չէ դիլետանտների և թերուսների կառավարության պարագայում։

Միջոցառմանը սպասվում է ավելի քան 600 պատվիրակների մասնակցություն՝ շուրջ 50 երկրներից: Որպես հիմնական թեմաներ նշված են «ազգային անվտանգությունը, Հայաստանի շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, Սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն»: Որքան կարելի է հասկանալ օրակարգից, միջոցառման կարգախոսը հնչում է հետևյալ կերպ. «Կառուցում ենք մեր ընդհանուր ապագան»։ Կազմակերպում է «գագաթնաժողովը», ինչպես արդեն ասացինք, ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը։

Այսինքն՝ նույն այն Զարեհ Սինանյանի գրասենյակը, որն այս տարի բազմիցս դարձել է սկանդալային պատմությունների գլխավոր կերպար աշխարհի տարբեր երկրներում, որտեղ Սփյուռքի ներկայացուցիչները նրան բացահայտ անվանել են դավաճան և զանգվածաբար բոյկոտել նրա կազմակերպած հանդիպումները։ Փաշինյանական հենց այն պաշտոնյան, որը վաղուց է պառակտիչ գործունեություն ծավալում Սփյուռքում, ինչի մասին բազմիցս գրել են լրատվամիջոցները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Նույն ինքը, ով սերտորեն յուզգյարացած է տխրահռչակ Սամսոն Օզարատի կարգի թուրքական լոբբիստների հետ և կազմակերպում է վերջինիս հանդիպումը Էրատո-Հակոբյանի հետ՝ բավական պղտոր նպատակներով, ինչի մասին «ԳԱ»-ն ժամանակին գրել է հանգամանորեն։

Սփյուռքի գործերի նույն այն հանձնակատարը, որը մի բառ անգամ չասաց, երբ Սփյուռքի ամենահայտնի և վաստակավոր գործիչներից մեկին թույլ չտվեցին մտնել Հայաստան։ Եվ ծպտուն չհանեց, երբ թուրքական «գորշ գայլ» Չավուշօղլուն կոչ արեց Ֆրանսիայում իր ցեղակիցներին հաշվեհարդար տեսնել տեղի այն հայերի հետ, ովքեր համաձայն չեն իրենց Հայրենիքի թուրքացմանը։ Ասենք, ինչո՞ւ պիտի հանձնակատարն ինչ-որ բան ասեր, երբ թուրք Չավուշօղլուի և իր՝ Սինանյանի շեֆ Փաշինյանի նպատակները լիովին համընկնում են։

Չէ՞ որ բոլորին լավ հայտնի են այն խնդիրները, որոնք դրված էին Սինանյանի առջև նրա վերջին շրջագայությունների ժամանակ։ Դրանցից գլխավորը. պառակտում սերմանել հայկական խոշոր համայնքներում՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի հատկանիշով, ձևավորել Փաշինյանին հավատարիմ և նրա թուրքամետ քաղաքականությանը սատարող նոր կազմակերպություններ, զուգահեռաբար զրոյացնելով հիմնականում ՀՅԴ-ի հետ կապված հայկական ավանդական կառույցների ազդեցությունը։ Բացի այդ, հանձնակատարը պետք է համոզեր սփյուռքահայերին Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մեջ՝ Արցախից և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարման գնով։

Հենց այդ խնդիրների լուծման համար էր Սինանյանը շրջում աշխարհով մեկ՝ նախապատրաստելով ներկայիս «գագաթնաժողովը» և ընտրելով Փաշինյանին անհրաժեշտ մասնակիցներին. նրանց, ովքեր հաստատ ներբողներ կձոնեն ՀՀ իշխանությունների քաղաքականությանը և ամբողջ Սփյուռքի անունից ամենայն աջակցություն կհայտնեն կառավարությանն ու անձամբ Նիկոլին, փոխարենը ստանալով նույնպիսի աջակցություն՝ ավանդական կառույցներում ընդգրկված հայրենակիցների դեմ պայքարելու համար։ Եվ ոչ միայն նրանց դեմ, այլև արտերկրում ապրող այն հայերի, որոնք չեն դադարում քննադատել իշխանությունների դավաճանական քաղաքականությունը և պայքարել Արցախն ու Հայաստանը հայկական պահելու համար։

Այդպիսի Սփյուռք Փաշինյանին պետք չէ։ Ինչն արդեն փայլուն կերպով հաստատել է առաջիկա «համաժողովը», որը դեռ չսկսված՝ արդեն նշանավորվել է մի շարք սկանդալներով։ Բավական է թվարկել այդ փաստերը, և անմիջապես պարզ կդառնա, թե այդ ինչ «համաշխարհային հայկական գագաթնաժողով» է կազմակերպում Սինանյանը՝ ի հաճույս Նիկոլի։

Փաստ առաջին. միջոցառմանը հրաժարվել են մասնակցել Գարեգին Բ և Արամ Ա Կաթողիկոսները, այսինքն ներկայացված չեն լինելու Հայ Առաքելական Եկեղեցու երկու գլխավոր հոգևոր և կրոնական կենտրոնները՝ Մայր Աթոռ Ս.Էջմիածինը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը: Բավական ցուցանշական են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարման պատճառները, որոնք նշված են պաշտոնական հաղորդագրության մեջ. «գագաթնաժողովը տարակուսանքներ է առաջացնում մասնակիցների ընտրության հարցում, մասնավորաբար, համահայկական ավանդական կազմակերպությունների և ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց ներկայացվածության առումով»։ Մայր Աթոռում «անընկալելի» են համարել նաև գագաթնաժողովում քննարկման ներկայացվելիք նյութերը՝ մտավախություն հայտնելով, որ դրա անցկացումը կարող է լարվածություն ստեղծել հայ հասարակության մեջ։

Փաստ երկրորդ. «գագաթնաժողովին» հրավիրված չեն ՀՅԴ ներկայացուցիչները. հայկական ամենահին կուսակցության, որը Ցեղասպանությունից հետո ավելի քան 100 տարի եղել է հայկական Սփյուռքի առանցքն ու հիմնական գործող կենտրոնը։ ՀՅ Դաշնակցությանը կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց անտեսել և թերագնահատել նրա հսկայական դերը Սփյուռքի պահպանման և ողջ աշխարհում հայկական շահերի պաշտպանության գործում՝ կարող են միայն հակահայկական ուժերը։ Հենց միայն ՀՅԴ-ի և Հայ Դատի կառույցների հանդեպ Թուրքիայի ատելությունն ու բազմամյա անհաշտ պայքարը, ինչպես նաև այդ պայքարի վրա ծախսվող ահռելի միջոցները բավական են՝ հասկանալու համար Հայաստանի սահմաններից դուրս այդ կուսակցության գործունեության ծավալն ու նշանակությունը։

Վերջապես՝ փաստ երրորդ. համաժողովին հրավիրված չեն Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները։ Կրկին իսկ, կարելի է տարբեր կերպ վերաբերվել և քննադատել այդ կազմակերպությանը, բայց ամեն դեպքում դա հայերի ամենամեծ կազմակերպությունն է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ բնակվում է ամենամեծաթիվ հայ համայնքը՝ մոտ 3 միլիոն մարդ։ Ինչպեսև անհնար է ժխտել ՌՀՄ-ի ու դրա ղեկավար Արա Աբրահամյանի ունեցած վաստակը Հայաստանի և Արցախի առջև։ Հրավերի բացակայությունն, անկասկած, պետք է ընկալել ոչ միայն կազմակերպության և նրա առաջնորդի նկատմամբ վերաբերմունքի, այլև Փաշինյանի կառավարության հակառուսական քաղաքականության ընդհանուր համատեքստում։

Մենք թվարկեցինք միայն հայտնի փաստերը՝ կապված «գագաթնաժողովի» նախապատրաստման հետ, որն ակնհայտորեն կոչված է ոչ թե նպաստելու հայ ժողովրդի գոյաբանական խնդիրների լուծմանը, այլ ընդամենը ցույց տալու նիկոլական ընտրազանգվածին և ողջ հայկական (և ոչ միայն) աշխարհին, թե Սփյուռքն, իբր, լիովին աջակցում է անձամբ իրեն և Հայաստանի ու Արցախի թուրքացման քաղաքականությանը։ Իսկ ներկայացված օրակարգը, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անվանել է «անընկալելի», ոչ այլ ինչ է, քան ձևականություն, քանզի իրականում համահայկական խնդիրների ոչ մի լուրջ քննարկում չի կարող լինել առանց Հայ Առաքելական Եկեղեցու և Սփյուռքի այնպիսի ազդեցիկ ու խոշոր ուժերի մասնակցության, ինչպիսիք են ՀՅԴ-ն ու ՌՀՄ-ն:

Ուշադրություն դարձնենք նաեվ Հայ Առաքելական Եկեղեցու նախազգուշացմանը, որ այդպիսի «գագաթնաժողովի» անցկացումը կարող է լարվածություն առաջացնել հայ հասարակության մեջ։ Դժվար թե Սուրբ Էջմիածինը նման խոսքեր հնչեցներ՝ չունենալով հիմնավոր պատճառներ։

Ուրեմն ովքե՞ր են մասնակցելու փաշինյան-սինանյանական կեղծ հայկական միջոցառմանը։ Վստահաբար կարելի է պնդել, որ դրանք լինելու են, օրինակ, նույն թուրքական լոբբիստ Օզարարատի կարգի գործարարները, որոնց համար միևնույն է, թե ինչ հոտ է գալիս փողից, նույնիսկ եթե դա հայի արյան հոտն է։ Կամ Նիկոլի մոլեռանդ երկրպագուները՝ արդեն անկախ Հայաստանից հեռացածներից, որոնք, սակայն, նախընտրում են հեռվից հիանալ իրենց կուռքով և չեն էլ մտածում հայրենիք վերադառնալու մասին։ Կամ նրանք, ովքեր ակնկալում են, և ում, հավանաբար, արդեն խոստացել են ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև՝ իրենց բնակության վայր հանդիսացող երկրի իշխանությունների բարեհաճությունը, որոնց առջև Սինանյանն ու նիկոլական այլ պաշտոնյաները կարող են բարեխոսել. լինի դա բիզնեսի, թե տեղի համայնքում առաջատար տեղ զբաղեցնելու հարցերում։

Ի վերջո, մի՞թե քիչ կան թափթփուկներ ու խուժաններ, որոնք թքած ունեն պատմական Հայրենիքի վրա, բայց հաճույքով կընդունեն ձրի զբոսնելու և Հայաստանում մի քանի անհոգ օր անցկացնելու առաջարկը՝ իրենց կարևոր անձանց տեղ դրած։

Ամեն դեպքում պարզ է մեկ բան. համաժողովը կրելու է բացահայտ հակահայկական բնույթ, քանզի հենց միայն դրա մասնակիցների կազմը, եթե անգամ հաշվի չառնենք այլ գործոնները, վկայում է հայ ժողովրդի մեջ գիտակցաբար հրահրվող պառակտման մասին՝ իշխանությունների և նրանց թուրքամետ քաղաքականության նկատմամբ վերաբերմունքի հատկանիշով։ Ավելի ստոր, նսեմ ու ազգադավ նպատակ պատկերացնելն անգամ դժվար է, հատկապես աշխարհասփյուռ ողջ հայության համատեքստում և առանձնապես ազգի ու պետության համար այսքան աղետալի իրավիճակում։

Մյուս կողմից, այլ բան պետք էլ չէր սպասել Հայաստանը բռնազավթած խունտայից, որը մոլեռանդորեն տարված է մեն-միակ նպատակով. ոչնչացնել հայոց պետությունը և զոհաբերել այն թուրքական և գլոբալ քաղաքական շահերին, միայն թե նստած մնան իշխանության գահին, անկախ նրանից, թե ինչպես այն կկոչվի. վիլայեթ, թե գուբերնիա։