Գրիգորյան․ Նախիջևանին կապող նոր ճանապարհ կառուցելու վերաբերյալ չկա որևէ պարտավորություն

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի հիմքը պետք է լինեն ԱՊՀ հիմնարար փաստաթղթերը, որոնց համաձայն խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստւմ։

«Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ այս երկիրը մտադիր է օկուպացնել Հայաստանի ավելի շատ տարածքներ, ինչը պետք է կանխել»,– ասել է Գրիգորյանը` ներկայացնելով սեպտեմբերի 12-13-ի ադրբեջանական ագրեսիայի ցավալի հետևանքներն ու հայատյացության վայրագ դրսևորումները։

Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ Ադրբեջանը կանոնավոր կերպով խախտում է հրադադարի ռեժիմը` դրանք հայկական կողմին վերագրելով, և դրանով փորձում է հող նախապատրաստել Հայաստանի դեմ ագրեսիայի նոր փուլի համար։

«Կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է անվերապահորեն և անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված կազմավորումները Հայաստանի ինքնիշխան տարածքից»,– հայտարարել է Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից շահարկվող «միջանցքային» թեմային` նշելով, որ դա խոչընդոտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության իններորդ կետում «միջանցք» բառը ոչ մի տեղ չի հիշատակվում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվում է բացառապես Լաչինի միջանցքի առնչությամբ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունը և որևէ կապ չունի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած հորինված զուգահեռ դիտարկում ենք որպես հակաարդյունավետ»,– ասել է նա` հիշեցնելով, որ հայտարարության մեջ չկա Հայաստանի որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր ճանապարհ կառուցելու վերաբերյալ։

Նրա գնահատմամբ` հաղորդակցությունների ապաշրջափակումը երթուղավորելու և մարդկանց շփումը հնարավորինս մեկուսացնելու` Ադրբեջանի ակնհայտ ձգտումը վկայում է այն մասին, որ դա չի հետապնդում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու վերջնական նպատակ։

Sputnik Արմենիա