Ռուսաստանը դադարեցնում է նավերի տեղաշարժը հացահատիկային միջանցքով

Ռուսաստանը դադարեցնում է նավերի տեղաշարժը «Սևծովյան նախաձեռնության» կողմից սահմանված անվտանգության միջանցքով, քանի դեռ չի պարզվել Ուկրաինայի կողմից Սևաստոպոլում ռազմանավերի և քաղաքացիական նավերի դեմ իրականացված ահաբեկչական գործողության շուրջ իրավիճակը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Քանի դեռ Սևաստոպոլ քաղաքում հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի կողմից իրականացված ահաբեկչական գործողության շուրջ իրավիճակը չի պարզվել, Սևծովյան նախաձեռնության կողմից սահմանված անվտանգության միջանցքով երթևեկությունը դադարեցված է»,- հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Անվտանգության միջանցքով նավերի տեղաշարժն անընդունելի է, քանի որ Ուկրաինայի ղեկավարությունը և Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարությունը այն օգտագործում են Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ Ռուսաստանը դուրս չի գալիս «Սևծովյան նախաձեռնությունից», այլ կասեցնում է համաձայնագրի գործողությունը։

News.am