Վարդանյան․ Մենք Արցախը ստացել ենք մեր նախնիներից և պարտավոր ենք այն փոխանցել հաջորդ սերունդներին

Արցախի Հանրապետության պետական նախարար նշանակվելուց հետո Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ։

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ ու շատ ավելի մեծ պատասխանատվություն է այս պահին ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը:

«Այդ որոշումը կայացրել եմ՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի ամբողջ լրջությունը: Մենք պետք է հասկանանք, որ հիմա մեզ համար հայրենական պատերազմ է, ճգնաժամային իրավիճակ, որը բոլորիցս պահանջելու է ուժերի, ջանքերի ներդրում, որպեսզի Արցախն ունենա իր անվտանգությունը, սուբյեկտայնությունն ու զարգացումը: Եթե մենք դա չգիտակցենք և չանենք ամեն ինչ այս նպատակին հասնելու համար, կնշանակի՝ մենք մեր պարտքը, որպես փորձ ու հնարավորություններ ունեցող մարդիկ, չենք կատարում մեր ժողովրդի առջև։

Երկու ամիս է՝ այստեղ եմ գտնվում, շատ մարդկանց հետ եմ հանդիպել և՛ գյուղերում, և՛ երիտասարդության հետ, և՛ կառավարության անդամների հետ, և՛ Ազգային ժողովում, և՛ տարբեր գործիչների հետ: Գուցե չեք զգում, բայց ուզում եմ ասել, որ արցախցիները բոլորի համար օրինակ են այն առումով, որ չնայած այս ծանր իրավիճակին՝ մնում են այստեղ, ապրում են, զավակներ են ունենում։ Եվ ես հպարտ եմ, որ կանգնած եմ ձեր կողքին, որպեսզի բոլորս ծառայենք, գործենք մեր հայրենիքը պահելու համար, որպեսզի ունենանք փայլուն ապագա։ Մենք Արցախը ստացել ենք մեր նախնիներից և պարտավոր ենք այն փոխանցել հայության հաջորդ սերունդներին», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Aysor.am